Ոստիկանությունն այսօր Բաքվում նախատեսված բողոքի ակցիաներից առաջ ձերբակալել է ընդդիմության տասնյակ ակտիվիստների: Ձերբակալվածների թվում է «Ժողովրդական ճակատի» ղեկավար Ալի Քերիմլին:
Հետաքննող լրագրող Խաջիդա Իսմայիլովայի փոխանցմամբ, ոստիկանները փակել են Ադրբեջանի մայրաքաղաքի մետրոյի երեք կայարանները՝ զրկելով մարդկանց ցույցի վայր հասնելու հնարավորությունից:
Ենթադրվում է, որ բողոքի հանրահավաքը պետք է տեղի ունենար մետրոյի «Մայիսի 28» կայարանին հարող տարածքում:
Իսմայիլովայի փոխանցմամբ, Բաքվի մեծ մասում արգելափակվել է նաև ինտերնետը:
Human Rights Watch-ը խստորեն դատապարտել է Ադրբեջանի իրավապահների այդ գործողությունները:
«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել հավաքներ կազմակերպելու իրավունքը»,- Թվիթերում գրել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Գիորգի Գոգիան:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2003 թվականին է հանգուցյալ հորից՝ Հեյդար Ալիևից ժառանգել 10 միլիոն բնակչությամբ երկրի ղեկավարումը:
Ըստ իրավապաշտպան միջազգային և ադրբեջանական կազմակերպությունների, Ալիևը հետևողականորեն ոչնչացնում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը:
Այս ընթացքում փակվել են անկախ լրատվամիջոցները, տասնյակ ակտիվիստներ, իրավապաշտպաններ և լրագրողներ տարատեսակ կեղծ մեղադրանքներով հայտնվել են բանտերում: