Դատարանը հետաձգեց «Էլեկտրիկ Երևանի» գործով տուժած լրագրողների բողոքի քննությունը

«Էլեկտրիկ Երևանի» գործով տուժող ճանաչված լրագրողներից երեքը դատարանում բողոքարկում են Հատուկ քննչական ծառայության կողմից «Էլեկտրիկ Երևանի» գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը։ Գործով առաջին դատական նիստն այսօր հետաձգվեց։

Խոսքը վերաբերում է 2015-ի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի խաղաղ ցույցի մասնակիցների, լրագրողների նկատմամբ կազմակերպված բռնություններին։ Այս գործով լրատվամիջոցների 21 ներկայացուցիչներ ունեն տուժողի կարգավիճակ: Գործով ներգրավված մեղադրյալները չորսն էին:

Հատուկ քննչական ծառայությունը գործը 2 անգամ կասեցրել էր՝ պատճառաբանությամբ, որ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն:

«Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերից տուժած լրագրող Թեհմինե Ենոքյանը, ով հետաքննություն էր անցկացրել և երեք օրվա ընթացքում գտել բռնություն գործադրած մարդկանց, որոնց 4 տարի շարունակ փնտրում է Հատուկ քննչական ծառայությունը, ասում է, որ այս պահին դատարան դիմելն անհրաժեշտություն է․ - «Մեր փաստաբանը կշարունակի ներկայացնել բոլոր այն փաստերը, որոնց մասին մենք բարձրաձայնել էինք: Մինչև այժմ քննիչը դրանց ուշադրությունը չի դարձրել կամ դարձրել է։ Մենք հիմա հնարավորություն կունենանք տեսնելու՝ արդյունավետ քննություն իրականացրե՞լ է Հատուկ քննչական ծառայությունը, թե՞ ոչ»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ընդգծում է. - «Դատարանի առջև, մեր պատկերացմամբ, պետք է կանգնեն տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր մարդիկ, բայց մենք չենք տեսնում ՀՔԾ-ի ցանկությունը բացահայտելու էս գործը մինչև վերջ: Ինչպես նաև, պետք է դա էլ հատուկ նշել՝ ոստիկանության ցանկությունը իրենց շարքերում որևէ մեկին ներկայացնել, որ չարաշահել է իր լիազորությունները: Ի՞նչ է նշանակում մի քանի անգամ կասեցնել, հետո վերսկսել, և որևէ նոր մեղադրյալ կամ կասկածյալ գործում մինչև հիմա չկա: Շատ վատ է դա: Մենք շարունակելու ենք մեր գործը, մենք շարունակելու ենք ներկայացնել լրագրողների իրավունքները և շահերը»:

Մելիքյանը նշում է, որ պատրաստ են դիմելու ընդհուպ միջազգային ատյաններ։