Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Պետրոսյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ:

«Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը», - գրել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:

Գնահատելով իր 1.5 տարվա պաշտոնավարման ժամկետը՝ Սարհատ Պետրոսյանը ափսոսանքով փաստել է, որ իր ջանքերը «ունեցել են միայն դրվագային ազդեցություն»։

«Եվ ես որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ՝ հանրային դաշտում, իսկ ավելի ուշ՝ որպես փորձագետ։ Կարծում եմ, որ ապագայում առիթ կլինի այս ամենին անդրադառնալու առանձին-առանձին՝ պահպանելով ծառայողական ու գաղտնիք պարունակող մյուս տեղեկությունները չհրապարակելու օրենսդրական պահանջը և էթիկայի նորմերը», - նաև հայտարարել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը՝ պնդելով․ ֊ «Իմ այս հրաժարականի հայտարարությունը ներկայացնում է ողջ եղելությունը և ունի միայն մասնագիտական պատճառներ՝ պայմանավորված տարվող ոլորտային քաղաքականությամբ։ Եվ թող ոչ ոք չփորձի ինչ-ինչ քաղաքական նկատառումներով օգտագործել այն և այս ամենի մեջ չփնտրի ընտանեկան-ազգակցական կապերով պայմանավորված ինչ-ինչ պատճառներ»: