ՍԴ-ի ճգնաժամը լուծողը Ազգային ժողովն է, պետք է օր առաջ քաղաքական, իրավական գնահատական տա․ Տիգրան Եգորյան

Սահմանադրական դատարանի (ՍԴ) ճգնաժամի լուծման քաղաքական կամքը պետք է ձևավորվի Ազգային ժողովում, պնդում է փաստաբան, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով բարձր դատարանին դիմելը փակուղային էր, և եթե ՍԴ-ն անգամ վարույթ ընդուներ դիմումը, միևնույն է ճգնաժամի լուծման միջոցը դա չէր:

«Ե՛վ վարույթ չընդունելը, և՛ ընդունելը հետո մերժելը, և՛ ընդունել և հաստատելը, որևէ մեկը էս տարբերակներից էս հարցի Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման որևէ եղանակ չէր», - ասաց Եգորյանը։

Ըստ փաստաբանի, Սահմանադրական դատարանի խնդիրը պետք է լուծվի ստեղծված իրավիճակին խորհրդարանում իրավական և քաղաքական գնահատական տալուց:

«Ազգային ժողովն է, որ որպես ժողովրդի ներկայացուցչական մարմին պետք է գնահատի իրավիճակը, ֆորմալ փաստաթղթավորի, տա իրավական և քաղաքական գնահատական, սա կլինի այն հենքը, որի հիման վրա հնարավոր կլինեին այն 3-4 լուծումները, միգուցե նաև 5-րդ տարբերակը, որոնք էս գնահատումից հետո շատ արագ և արդյունավետ կիրագործվեն», - նշեց Եգորյանը։

Տիգրան Եգորյանը վստահ է՝ բարձր լեգիտիմություն ունեցող խորհրդարանի ուղերձը չի կարող որևէ մարմին անտեսել: «Որպեսզի այդ լուծման ուղղություններով շարժում սկսվի Ազգային ժողովը պետք է տա գնահատական, այդ գնահատականը տալու միջոցը Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում այս հարցերի քննարկումն է, խորքային վերլուծությունը, դրա հիման վրա հայտարարության ընդունումը, այդ գնահատականի ֆիքսումը Ազգային ժողովի մեծամասնության կողմից, այնուհետև դաշտը բաց է արդեն հաջորդ տարբերակների համար՝ սկսած Սահմանադրական դատարանի այդ պահից մեկնարկող ձևավորման գործընթացից վերջացրած այլ լուծումներով, որոնք ևս ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծմանը», - ընդգծեց փաստաբանը։

Ազգային ժողովի ընդունած նախագծի հիմքում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի թույլ տված էական կարգապահական խախտումներն են: Այդ հիմքերից մեկը, որ խախտվել է բարձր դատարանի անաչառության սկզբունքը, ՍԴ նախագահի և Հանրապետական կուսակցության փոխկապակցվածությունն է, Թովմասյանի անդամակցությունը ՀՀԿ-ին, իսկ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերը համընկնում են Մարտի 1-ի գործով: Հիմքերից էր Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի հետ Հրայր Թովմասյանի քավոր-սանիկական կապը: Բայց, ըստ իշխանական պատգամավորի, խնդիրը ոչ թե բարեկամական կապն է, այլ դրա մասին չբարձրաձայնելը, սեփական անձի վարույթից հեռացվելու հարց չբարձրացնելը: Եվ չորրորդը, Քոչարյանի դիմումը վարույթ ընդունելիս պետք է քննարկվեր դատավորի մասնակցության անհնարինության վերաբերյալ հարցը, բայց այդպիսի որոշում բարձր դատարանը չունի։ Երևանի պետական համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը կարծում է՝ Ազգային ժողովն այս տապալումից հետո անելիք չունի: Հերթը վարչապետինն է:

«Հանրապետության վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, ասի՝ «հարգելի պարոն Թովմասյան, խնդրում եմ, ինձ ասեք՝ ինչո՞ւ եք Դուք նենգափոխել Սահմանադրությունը, ասենք, գիտակցված, դիտավորյալ կերպով ուժի մեջ մտնելուց մի 20 օր առաջ ստիպեցիք Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, որպեսզի Դուք որպես Սահմանադրության հեղինակ այդ պաշտոնը ստանձնեիր և քո գրած անցումային դրույթներով էլ ուզուրպացնեիր այդ պաշտոնը։ Խնդրում եմ, հրապարակային պատասխանիր իմ հարցադրմանը», - ասաց Այվազյանը։

Վարդան Այվազյանը իշխանության ընդդիմախոսներից է և այն կարծիքին է, որ բարձր դատարանում ճգնաժամ չկա, բայց ասում է՝ համամիտ է այն պնդումների հետ, որ նախկին իշխանությունն, իր ձևակերպմամբ, նենգափոխել է Սահմանադրությունը և յուրացրել բարձր դատարանի նախագահի պաշտոնը:

«Էլի ուժ չի, եթե վարչապետն այս հարցադրումն անի, այստեղ Հրայր Թովմասյանը բարոյական տուպիկ է մտնելու ու ամբողջ հասարակական պարսավանքը և նաև իրեն աջակցող քաղաքական ուժերի լեզուն կարճանալու է, ոչ մեկ ոչինչ չի կարողանալու ասի», - նշեց Վարդան Այվազյանը։

Փաստաբան Տիգրան Եգորյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք է համարում նաև Սահմանադրական դատարանի դատավորի, իր ձևակերպմամբ, յոթ թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելը: Այս մասին իր նամակում նշել էր նաև Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը:

Սահմանադրական դատարանի մերժումից հետո Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունից իրենց հաջորդ քայլերի մասին փակագծեր դեռ չեն բացում: Միայն վստահեցնում են՝ խնդրի լուծման ճանապարհներ ունեն: