Ադրբեջանական ոստիկանությունը շարունակում է զանգվածաբար բերման ենթարկել ընդդիմության ակտիվիստներին

Բողոքի ցույց Բաքվում: 8-ը հոկտեմբերի, 2019թ․

Հոկտեմբերի 19-ին Բաքվի կենտրոնում նախատեսված հանրահավաքից առաջ Ադրբեջանի ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել ընդդիմադիր ակտիվիստներին` հիմնականում «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամներին:

Վերջին 48 ժամերին քաղաքական այս ուժի առնվազն 11 անդամներ Բաքվի տարբեր շրջանային դատարաններից կողմից դատապարտվել են 10-60 օրվա վարչական կալանքի` հիմնականում ոստիկանության պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության մեղադրանքների հիման վրա:

Ընդդիմադիր ակտիվիստների մեկ այլ խմբի հետ ադրբեջանական ոստիկանությունը վերջին օրերին բացատրական աշխատանքներ է տարել` նրանց հորդորելով չմասնակցել շաբաթ օրը Բաքվի կենտրոնում կազմակերպվելիք չարտոնված հանրահավաքին:

Լարվածությունը ոստիկանության և ընդդիմության միջև ծագեց շաբաթասկզբին, երբ հրապարակվեց Բաքվի քաղաքապետարանի որոշումը: Քաղաքային իշխանությունները հերթական անգամ մերժեցին ընդդիմադիր կուսակցություններին միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի»` կենտրոնում հանրահավաք անցկացնելու հայտը և բողոքի գործողության համար ընդդիմությանը տրամադրեցին Բաքվի կենտրոնական թաղամասերից շուրջ 11 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող Լոքբաթան ավանը:

Ադրբեջանական ընդդիմությունը սակայն հայտարարեց, որ չի պատրաստվում համակերպվել քաղաքապետարանի այս որոշման հետ, և կոչ արեց իր կողմնակիցներին շաբաթ օրը ժամը երեքին հավաքվել «Մայիսի 28» մետրոյի կայարանի հարևանությամբ: Դա քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկն է՝ Բաքվի երկաթուղային կայարանի և Ադրբեջանի կենտրոնական բանկի հարևանությամբ:

Ադրբեջանական անկախ լրատվամիջոցները չեն բացառում, որ ոստիկանությունը շաբաթ օրը մեծաթիվ ուժեր կկենտրոնացնի Բաքվի կենտրնում` ընդդիմության հանրահավաքը ցանկացած գնով տապալելու մտադրությամբ:

Քաղաքական պրոցեսների որոշակի ակտիվացման ֆոնին առաջիկայում ընդդիմադիր դաշտ է մուտք գործելու ևս մեկ քաղաքական ուժ: Այն առայժմ ո՛չ անուն ունի, ո՛չ էլ գրասենյակ, սակայն դրա հիմնադիր, Առողջապահության նախկին նախարար, Հեյդար Ալիևի երբեմնի զինակից Ալի Ինսանովը արդեն իսկ հստակեցնում է, թե որն է լինելու նորաստեղծ ընդդիմադիր կուսակցության հիմնական սոցիալական բազան` Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիները:

«Այդ համայնքը շատ մեծաթիվ է` ավելի քան երեք միլիոն մարդ: Համայնքը նաև քաղաքականացված է, և դրա ներկայացուցիչները բնակվում են Ադրբեջանի բոլոր քաղաքներում և շրջաններում: Այդ համայնքը նաև շատ համարձակ է և պատրաստ է պայքարի: Պատահական չէ, որ ասացվածք գոյություն ունի` առանց արևմտյան ադրբեջանցիների որևէ մեկը չի կարող իշխանության գալ, իսկ եթե եկավ` չի կարող այն երկար պահել», - «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Ինսանովը` հավելելով, որ այդ ամենը չի նշանակում, թե կուսակցությունը կազմված է լինելու բացառապես հայաստանյան ծագում ունեցող ադրբեջանցիներից:

1993-ից մինչև 2005 թվականները Ադրբեջանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ինսանովը ծնունդով Բագրատաշենից է: Հեյդար Ալիևի իշխանության տարիներին նա համարվում էր Հայաստանից սերող ադրբեջանցիների ոչ ֆորմալ առաջնորդը: 2005 թվականին, Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո, Ինսանովին մեղադրեցին հեղաշրջում կազմակերպելու համար, և նա շուրջ 14 տարի անցկացրեց բանտում` ազատության մեջ հայտնվելով միայն այս տարվա գարնանը:

Ինսանովի համոզմամբ, Իլհամ Ալիևի իշխանությունը շուտով տապալվելու է իր իսկ թույլ տված սխալների պատճառով:

«Երկրի կառավարումը կարծես ինքնահոսի մատնված լինի», - հայտարարում է Ինսանովը:

Իշխանության ներսում որոշակի խնդիրների և անգամ պառակտումների առկայությունը, ի դեպ, նախօրեին Բաքվում կայացած խորհրդակցության ժամանակ հաստատեց նաև նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքով, կառավարության անդամների մի մասը զբաղված է բարեփոխումների իրագործմամբ, մյուս մասը`դրանք խոչընդոտելով:

«Անտանելի է, երբ կառավարության որոշ անդամներ շանտաժի են ենթարկվում նույն այդ կառավարության մաս կազմող այլ նախարարների կողմից: Այդ նպատակով շատ հաճախ լրատվամիջոցներն են օգտագործվում: Փորձ է կատարվում ստվերել նախարարների գործունեությունը, այն բարեփոխումները, որ կյանքի են կոչվում նախագահի անմիջական հանձնարարությամբ: Եթե որևէ մեկին թվում է, որ մենք համակերպվելու ենք այդ ամենի հետ, ապա այդ մարդիկ չարաչար սխալվում են, քանի որ բարեփոխումներն այլընտրանք չունեն», - հայտարարել է Իլհամ Ալիևը: