Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչն այսօր այցելել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակ՝ առգրավելու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ կուսակցության անդամության կասեցմանը վերաբերող նյութերը: Այս մասին Ֆեյսբուքում գրում է Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Սահմանադրական դատարանում զերծ մնացին քննչական գործողությունների վերաբերյալ մեկնաբանություններից:
Հիշեցնենք՝ ՀՔԾ-ում Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել իշխանությունը յուրացնելու հոդվածով:
Անկախ պատգամավորը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը հանցավոր սխեմաներ կիրառելով, և հոկտեմբերի սկզբին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այդ «կոպտագույն իրավախախտումներին»: