Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել իշխանությունը յուրացնելու հոդվածով

Պատգամավոր Արման Բաբաջանյանը հաղորդում է ներկայացնում Գլխավոր դատախազություն, Երևան, 4-ը հոկտեմբերի, 2019թ․

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: Այս մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը:

«ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից Հայաստանի գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը հանցավոր սխեմաներ կիրառելով, և հոկտեմբերի սկզբին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այդ «կոպտագույն իրավախախտումներին»:

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով «իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը» պատժվում է ազատազրկմամբ` 10-ից մինչև 15 տարի ժամկետով: