Մատչելի ավիածառայություններ մատուցող Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ Ryanair-ի ինքնաթիռներն ընդամենը երեք ամսից կսկսեն չվերթները Հայաստանից դեպի եվրոպական խոշոր քաղաքներ: Ryanair ընկերության կոմերցիոն ղեկավար Դավիթ Օ՛Բրիենի խոսքով՝ 2020-ի հունվարից լոուքոսթերը կիրականացնի Երևան-Միլան-Հռոմ չվերթը, իսկ արդեն ամռանը կմեկնարկեն Երևան-Բեռլին և Գյումրի-Մեմինգեն ուղղություններով թռիչքները։
«Դա հնարավորություն է տալիս Հայաստանը միավորելու այդ 86 քաղաքների հետ՝ հակառակ մեր մրցակիցների, որոնք ավելի քիչ հնարավորություններ ունեն Հայաստանի համար։ Վերջերս Ryanair-ը ունեցավ նաև գազավորման կետեր Մարսելում, Թուլուզում, որտեղ որ շատ հայեր են ապրում», - նշեց Դավիթ Օ՛Բրիենը:
Ryanair-ը չվերթներ է իրականացնում 2000 ուղղություններով՝ Եվրոպայի ավելի քան 240 օդանավակայաններից։ Հայաստանը 40-րդ երկիրն է, որտեղ ընկերությունը սկսում է գործունեությունը։ Ryanair-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ Հայաստանից դեպի Եվրոպա նաև նոր ուղղություններ կբացեն, իսկ Եվրոպա տոմսերի արժեքը 30 եվրոյից կսկսվեն։
Ընկերության կոմերցիոն ղեկավարն ասաց. «Կտեսնեք, որ տարվա կտրվածքով միջին գները Ryanair-ի 35 եվրոյի կարգի են»:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը դեռ ամռանն էր հայտարարել, որ բանակցում են Ryanair-ի հետ հայաստանյան շուկա մուտք գործելու շուրջ: Ռևազյանն ասում է՝ բանակցություններն ընթացքի մեջ են նաև մյուս լոուքոսթերների հետ։
«Ճիշտ է, որ մենք բանակցություններ ենք վարում մյուս ավիաընկերությունների հետ և շատ լավ է, ընթացքի մեջ է», - ընդգծեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:
Ryanair-ի մուտքը Հայաստանը կաշխուժացնի ավիաոլորտը, սակայն պետությունը մասնավոր ավիաընկերությունների վրա հույս պետք է չդնի, կարծում է քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը։ 1993-ից 1996 թվականներին քաղավիացիայի ոլորտի պատասխանատուն ասում է՝ այս պահին ոլորտի զարգացման համար անհրաժեշտություն է ազգային ավիափոխադրող ունենալը։
«Եթե հանկարծ ինքը հրաժարվեց իրա թռիչքներից, էդ դեպքում մեքն ի՞նչ ենք անելու, իսկ ստեղ մի հատ վտանգ կա, եթե լոուքոսթեր է գալիս Հայաստան, բնական է մեծ մասը ուղևորների ձգտելու են այդ լոուքոսթերից օգտվել՝ էժան գների շնորհիվ, էդ դեպքում Airfrance-ը, եվրոպական մյուս ընկերությունները միգուցե դուրս գան էս շուկայից, այսինքն՝ մենք ունքը հանելու փոխարեն աչքն ենք հանում», - ասաց Շահեն Պետրոսյանը։
Պետրոսյանը խնդրահարույց է համարում Կոմիտեի առաջարկը՝ նոր ուղղություններին արտոնություններ տալու վերաբերյալ: Ասում է՝ ընդհանրապես օդի հարկ ասվածը պետք է հանել։ Բացի այդ, կարծում է, որ լոուքոսթերների չվերթների համար պետք է միայն Գյումրու օդանավակայանն օգտագործվի։
«Հիմա ոնց է տեղի ունենում, մենք ենք գնում Վրաստան Wizz Air-ից օգտվելու համար, կամ Թբիլիսի կամ Քութաիսի, հիմա Վրաստանից կգան Գյումրի, Գյումրի ավելի հեշտ կգան քան թե Երևան, ավելի հեռու է Երևանը չէ՞, գոնե էդ Ջավախքի շրջանի ժողովուրդը կարող է Գյումրի գալ, ժամանակին հենց այդպես էր՝ հայկական ավիաուղիների ժամանակ, երբ մենք Գյումրիից թռիչքներ ունեինք, Ջավախքի ժողովուրդը գալիս էր Գյումրիից էր թռնում, Թբիլիսի չէին գնում իրանք թռիչքների համար», - նշեց Պետրոսյանը։
Քաղավիացիայի կոմիտեն խորհրդարան օրինագիծ է ներկայացնելու, որպեսզի նոր ուղղությունների համար օդի հարկ ասվածը հանվի։ 1998 թվականից գանձվող 10 հազար դրամ պետական տուրքն առաջինը, ըստ էության, հենց Ryanair ընկերությունը չի վճարի։