Airbus-ի ներկայացուցիչները Հայաստանում ծանոթանում են համագործակցության հեռանկարներին

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ Airbus ընկերության փոխնախագահ Լիոնել Շամփոյին և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովին, որոնք Հայաստանում են նախագահի հրավերով:

«Ուրախ եմ, որ ընդունել եք իմ հրավերն ու արդեն այստեղ եք: Իմ խնդիրն է դռներ բացել մեր երկրի համար, օգտակար լինել և աջակցել իմ փորձով և հնարավորություններով», - ողջունելով հյուրերին՝ ասել է նախագահ Սարգսյանը, վստահություն հայտնելով, որ Airbus-ի ներկայացուցիչներն ավիացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ արդյունավետ հանդիպումներ կունենան:

Airbus-ի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել հայաստանյան հանդիպումների ընթացքում ծանոթանալ համագործակցության հեռանկարներին, շուկայի հնարավորություններին:

Անդրադարձ է կատարվել նաև հնարավոր համագործակցությանը բարձր տեխնոլոգիական ոլորտում: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է երկրի ներուժն այդ ոլորտում՝ հյուրերին տեղեկացնելով նաև գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական ծրագրի մասին: