60 տարի առաջ Երևանում տեղադրվեց Սասունցի Դավթի արձանը

Այս տարին հագեցած է մեր մեծերի հոբելյաններով, որոնք ասես ստվերում մնացին տարեսկզբից Կոմիտասի և Թումանյանի ծննդյան 150-ամյակը նշանավորող ամենատարբեր իրադարձություններով:

Այս տարին հոբելյանական է նաև մեր մեծագույն նկարիչ-քանդակագործներից Երվանդ Քոչարի համար:

Նա ոչ միայն մեր այն խոշորագույն արվեստագետներից է, որի ստեղծագործությամբ նաև պայմանավորված էր եվրոպական ավանգարդի և համաշխարհայի կերպարվեստի զարգացման ընթացքը, այլ նաև Քոչարը տարածական նկարչության հիմնադիրն է:

Տարածական նկարչությունը, ըստ արվեստաբանների, պլաստիկ-գեղարվեստական արտահայտչաձև է, որը ներառում է ժամանակը իբրև լրացուցիչ՝ չորրորդ չափ:

Երվանդ Քոչարի աշխատանքները ներկայացված են աշխարհի լավագույն թանգարաններում: Հայաստանում նրա ստեղծագործությունները ներկայացված են Ազգային պատկերասրահում և Քոչարի մահից 5 տարի անց՝ 1984 թվականին Հայաստանում նրա արվեստանոցի հիման վրա ստեղծված նրա թանգարանում, որն այս տարի իր միջոցներով արդեն իսկ Քոչարի հոբելյանին նվիրված մի շարք միջոցառումներով է հանդես եկել:

«Այսօր նշելու ենք հայ դյուցազնավեպի՝ «Սասունցի Դավիթ» էպոսի պայմանական հերթական հոբելյանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոչարի թոռնուհին, թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը: - «Մենք գիտենք, որ 1939 թվականին Սովետական Միությունում շատ մեծ հանդիսավորությամբ նշվեց էպոսի պայմանական հազարամյակը: Հիմա լրանում է այդ իրադարձության 80-րդ տարեդարձը: Սա ևս մի առիթ է անդրադառնալու մեր ազգային էպոսին, մեր հերոսական ու էպիկական անցյալին»:

Չկա թերևս աշխարհում մի հայ, որ հիացած չլինի Երվանդ Քոչարի Սասունցի Դավթի արձանով: Երևանի կայարանամերձ հրապարակը թերևս անպատկերացնելի է առանց այդ հրաշալի ստեղծագործության: Բայց քչերը երևի գիտեն, որ այս արձանի տեղում կանգնեցված է եղել քանդակի մեկ այլ տարբերակը:

Պատմում է Կարինե Քոչարը․ - «1939 թվականին հազարամյա հոբելյանի նշման գործընթացում որոշել էին անպայման տեղադրել մեր էպոսի գլխավոր հերոսի՝ Սասունցի Դավթի արձանը: Բայց ժամկետները շատ սուղ էին, և միայն Քոչարը, որ նոր էր վերադարձել Փարիզից, հանձն առավ իրականացնել այդ գործը: Եվ ընդամենը 18 օրում իրականացնում է մեր այսօրվա ծանոթ Սասունցի Դավիթ արձանի նախնական, առաջին տարբերակը: Դա տեղադրվեց: Բայց 1941-ին, երբ Քոչարին ձերբակալում են, արձանն էլ գիպսից էր արված, և մի քանի ամսվա ընթացքում կոտրում են արձանը, չի պահպանվել, միայն լուսանկարներում է պահպանվել: Մենք հենց այդ լուսանկարը այսօր ցուցադրության մեջ ներառել ենք»:

Այդ օրերին պիտի տպագրվեր նաև էպոսի ռուսերեն ակադեմիական հրատարակությունը, որը նկարազարդելու համար մրցույթ էր հայտարարվել Նկարիչների միությունում: Մրցութային հանձնաժողովի նախագահի՝ Հովսեփ Օրբելու ընտրությունը կանգ է առնում հենց Երվանդ Քոչարի ներկայացրած էսքիզների վրա:

Կարինե Քոչար․ - «Եվ Հովսեփ Օրբելին, ով այդ ժամանակ Էրմիտաժի տնօրենն էր, ընտրում է հենց քոչարյան նկարազարդումները՝ ասելով, հայտարարելով, որ Քոչարի համար արվեստում գաղտնիքներ չկան: Այսօր մեր ցուցադրությունում այդ գիրքը ևս ներառված է»:

Իսկ մեզ բոլորիս ծանոթ ու հարազատ Սասունցի Դավթի արձանը կանգնեցվել է այս իրադարձություններից 20 տարի անց 1959 թվականին․ - «1943-ին ազատվեց բանտից Կարո Հալաբյանի և Անաստաս Միկոյանի միջնորդության շնորհիվ: Իսկ կոնկրետ Սասունցի Դավթի պատվերը ստացվեց 1957 թվականին, իրեն պատվիրեցին այդ արձանը: Բայց եղավ գեղարվեստական խորհուրդ, որը պետք է ընդուներ, և ցավով պետք է նշեմ, որ մեր շատ հայտնի արվեստագետներ բացասական էին արտահայտվել: Բավական շատ էին չկամեցողները, գիշերով կտրել էին հիմնակմախքը արձանի և առավոտյան տեսել էին տապալված արձանը: Եվ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայացավ բացումը: Այս տարի 60-ամյակն է լրանում: Պետք է ասեմ, որ Քոչարը շատ լավ հասկանում էր, որ ազգերին սովորաբար ոչնչացնում են իրենց հոգևոր արմատներից կտրելով: Եվ երբ վերադարձավ 1936-ին Երևան Փարիզից, հայտնվեց մի հասարակարգում, որտեղ ճնշում էր կեղծիքը, սուտը, անվստահությունը: Բայց ինքը մեր հայ արվեստ ներբերեց շատ մեծ պրոֆեսիոնալիզմ և նորարարական մոտեցումներ: Մենք նրա երևանյան շրջանի խիզախումներից ենք համարում նաև այն առաքելությունը, որ ինքը ունեցավ մեր ազգային ոգու վերածննդի, մեր պատմական հիշողության պահպանման հարցում»: