«Խորհրդարանն առաջիկայում պետք է լուծի Սահմանադրական դատարանի ճգնաժամը, ապահովի, որպեսզի Հայաստանն ունենա հանրային վստահություն վայելող ՍԴ», - չառանձնացնելով միայն ՍԴ-ի նախագահ Հրայր Թովմասյանին՝ այսօր հայտարարում էր իշխանական «Իմ քայլից» Վահագն Հովակիմյանը։
Սահմանադրական դատարանն անգամ չքննեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն վերաբերյալ խորհրդարանի դիմումը, երեկ որոշեց վարույթ չընդունել։
Հրայր Թովմասյանը հայտարարում է, թե կհեռանա Սահմանադրական դատարանից, երբ կլրանա իր պաշտոնավարման ժամկետը։
Վահագն Հովակիմյանը պնդում է, թե փակուղի չկա, հաջորդ քայլերը կան, դրանք կարվեն։ Այնուհանդերձ Հովակիմյանը չբացահայտեց դրանք՝ վստահեցնելով, թե իրավական մազաչափ շեղում թույլ չեն տալու․ - «Օրենսդիրը հնարավորություն է տալիս նույն Սահմանադրական դատարանի անդամներին, որպեսզի իրենք հանդես գան որպես այս խնդրի լուծման շահագրգիռ կողմ: Իրենք շահագրգիռ կողմ հանդես չեն գալիս: Գալիս են խնդրի լուծման հաջորդ տարբերակները, որոնք կան, և այդ խնդիրը պիտի լուծվի: Որովհետև չի կարող Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը չունենալ հանրային վստահություն: Որ մարդիկ նայեն այնտեղ նստած անդամներին և կռահեն, թե տեսնես ով ինչ շահերով պայմանավորված է այս կամ այն որոշումը կայացնում»:
Սահմանադրական դատարան ուղարկված Ազգային ժողովի դիմումի հիմքում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի կատարած «առերևույթ էական կարգապահական խախտումներն էին»:
Հովակիմյանի խոսքով, սպասելի որոշում էր․ - «Չէի բացառում, որ իրենք կընդունեին վարույթ, հետո կփորձեին խորհրդարանին ծաղրել: Բայց որ դա կարող էր հանրային դժգոհություն առաջացնել, իրենք ի վերջո դա երևի գիտակցելով, ուղղակի ասին չենք քննարկի և վերջ»:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել էր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու իշխանական «Իմ քայլի» նախաձեռնությանը։
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատության» ֆեյսբույան ասուլիսի ընթացքում կարծիք հայտնեց․ - «ՍԴ-ն սրանով մեսիջ հղում, որ այն ըստ էության պայքարում է իր իրավունքների համար, չակերտների մեջ կարող ենք ձևակերպել: Այստեղ Հրայր Թովմասյանի հարց չի, որովհետև իշխանության հռետորաբանությունը Հրայր Թովմասյանի դեմ չի միայն ուղղված»:
ՍԴ-ն դեռ չի հրապարակել հիմնավորումները, թե ինչու վարույթ ընդունվեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ-ի դիմումը:
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ից Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ եթե Ազգային ժողովի ներկայացրած հիմքերն ուժեղ լինեին, մերժում չէր լինի:
Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունը չմասնակցեց Թովմասյանի լիազորությունների դադարեցնելու նախագծի քվեարկությանը՝ պատճառաբանությամբ, թե ներկայացված հիմնավորումները թույլ էին:
Բագրատյանը կարծիքով, հարցին պետք է համակարգային լուծում տալ՝ Սահմանադրական դատարանն ու Վճռաբեկը վերակազմավորելով, օրինակ, Գերագույն դատարանի․ - «Անձերով խնդիր չի լուծվելու: Հրայր Թովմասյանը չի, Ալվինա Գյուլումյանն է, ի՞նչ փոխվեց ձեր կյանքում կամ մեր կյանքում: Խնդիրը համակարգի մեջ է, ոչ թե Հրայր Թովմասյանի անձի: Հրայր Թովմասյանին դուք դրանով հերոսացնում եք, սրբացնում եք այդ տեղը, այդ մարդուն՝ առանց իմաստը գտնելու»:
«Իշխող մեծամասնությունը տապալեց քննությունը», - Արման Բաբաջանյանը ևս ՍԴ ուղարկված դիմումի հիմնավորումները թույլ է որակում, առաջարկում է խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Իմ քայլին» իր առաջարկները պաշտպանել:
«Լուսավոր Հայաստան»-ից վերջերս դուրս եկած պատգամավորը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու երկու նախաձեռնություն ունի․ մեկի հիմքում այն փաստարկն է, որ Թովմասյանը ՀՀԿ-ի օրոք ընթացակարգային լուրջ խախտումներով է դարձել ՍԴ նախագահ կամ, ինչպես Բաբաջանյանն է ձևակերպում՝ տիրացել այդ աթոռին, մյուսը՝ որ նա քաղաքական հայտարարություններ է անում։
«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը այդքան փոքր, սանիկ-քավորային հարաբերությունների շրջանակ տեղափոխելը անթույլատրելի է: Այս պահին պետք է իրավական լրջագույն հիմնավորումներով փաստաթուղթ ձևակերպվի»:
«Իմ քայլի» պատգամավորներից Հրաչյա Հակոբյանը փոխանցեց, որ խմբակցությունում դեռ չեն քննարկել Բաբաջանյանի առաջարկած տարբերակները:
Հակոբյանը սակայն պնդեց, որ գնալու են արմատական լուծումների ճանապարհով։ Նա էլ փակագծեր չբացեց, բայց չբացառեց, որ ՍԴ-ի երեկվա որոշումը հետագայում կօգտագործեն․ - «Մի քիչ գաղտնիքները չբացեմ: Սպասում էինք, որ էս թեման հետո շահարկեինք թե ոչ: Բայց մեզ համար անսպասելի չէր»: