Քրգործ է հարուցվել աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ. ՔԿ

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտներ:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որը անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:

«Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դպրոցի բուֆետին սննդամթերք մատակարարած կազմակերպությունը, որտեղ կատարվել է զննություն, վերցվել են նմուշներ: Նմուշառումներ են կատարվել նաև դպրոցի բուֆետից և առաքված սննդամթերքից: Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները», - ասված է հաղորդագրությունում:

Այս պահի դրությամբ, քրեական գործի տվյալներով, թունավորումից տուժել է 24 անձ: Պարզվում է տուժածների ամբողջական շրջանակը: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։