Կարապետյան․ - Ղարաբաղի ժողովուրդն ամբողջությամբ պաշտպանում է այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստանում: Նրանք հետևում են, երբեմն նաև կա ցանկություն, որ նույն տեմպով էլ նաև բարեփոխումները ընթանային:
«Ազատություն»․ - Իսկ իշխանություննե՞րը:
Կարապետյան․ - Իսկ իշխանությունները, թերևս նաև պայմանավորված նախընտրական տրամաբանությամբ, նախընտրական փուլը բարեփոխումներ գնալու ամենահարմար ժամանակը չի, նամանավանդ մենք գիտենք, որ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին: Ես շատ ուրախ կլինեի, որ ինքը կենտրոնանար իսկապես ապահովելու այնպիսի դաշտ, որը կերաշխավորեր ազատ և արդար ընտրությունները, նաև ընտրապայքարը, նաև բոլորի համար հավասար դաշտը: Նաև անհասկանալի նման կեցվածքը, որը թեկնածուներից մեկը ցուցաբերում է Հայաստանի իշխանությունների [նկատմամբ], դա անլրջության գագաթնակետն է: Ես ասեցի, որ իրավապահները պետք է զբաղվեն, բայց նման հայտարարություններ, նման անհարգալից վերաբերմունք այն իշխանության նկատմամբ, որը ունի 70 տոկոսից ավելի աջակցություն Հայաստանում, պարզապես անհասկանալի է և պետք է արժանանա համապատասխան գնահատականի հենց տեղում: Մեր իրավապահները, վստահ եմ, իրենց ասելիքը կասեն, իրենց մոտեցումը կասեն, բայց Ղարաբաղում նման բան, իմ կարծիքով, չպետք է լիներ, նման վերաբերմունքը անհանդուժելի է: Ես քաղաքական իմաստով եմ նաև ասում:
«Ազատություն»․ - Մտադի՞ր է Հայաստանը Ղարաբաղի նախագահի որևէ թեկնածուի սատարել: Կամ ուղիղ հարցնեմ՝ արդյո՞ք Մասիս Մայիլյանը Փաշինյանի թեկնածուն է:
Կարապետյան․ - Մենք սատարում ենք ամենակարևորին․ որ լինեն այնպիսի որակի ընտրություններ, ոնց որ տեղի ունեցան Հայաստանում: Այդ դեպքում մենք, բնականաբար, ուշի-ուշով հետևելով, աջակցելով ժողովրդավարական գործընթացներին, աջակցելով նաև դիտորդական առաքելություններին, ինչը արդեն արեց, մենք նման մասնակցություն ենք ունենալու: Իհարկե, ես չեմ բացառում, որ ինչ-որ այլ հայտարարություններ էլ լինեն:
«Ազատություն»․ - Զորակցությա՞ն:
Կարապետյան․ - Ես չեմ կարող խոսել դրա մասին: Մեր զորակցությունը ժողովրդավարությանն է, մեր զորակցությունը նա է, որ ընտրություններն անցնեն ազատ և արդար: Դա է ամենակարևոր զորակցությունը, որ մենք ուզում ենք ցուցաբերենք:
«Ազատություն»․ - Կան տեղեկություններ, որ Վենետիկի հանձնաժողովը «կանաչ լույս է վառել» իշխանությունների առջև՝ արագ բարեփոխելու Սահմանադրական դատարանը, հանգուցալուծել այնտեղ ստեղծված վիճակը:
Կարապետյան․ - Հենց նոր, մեր հաղորդումից առաջ ես զանգահարեցի մեր դեսպանին Եվրոպայի խորհրդում, պարոն Հովհաննիսյանին, նա նույնպես հաստատեց: Այն, որ մենք բազմիցս ասել ենք․ Եվրոպան, բոլոր եվրոպական ինստիտուտները, այդ թվում Վենետիկի հանձնաժողովը, ի հեճուկս այն ջանքերի, որ Հանրապետական կուսակցության մնացորդները, համակիրները ունեն կապեր և փորձում են այսօր Հայաստանի դեմ քայլեր անել, ի հեճուկս դրան, Եվրոպայում և մասնավորապես Վենետիկի հանձնաժողովում կա խորը գիտակցություն, թե ինչ վիճակում է Հայաստանը հայտնվել, և ինչ պետք է մենք անենք, որպեսզի արագ շարժվենք բոլոր ուղղություններով: Որ մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմներ լինեն, որոնք իսկապես ապահովեն ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը Հայաստանում: Այն հնից մնացած համակարգերը, որոնք այսօր խանգարում են, նրանք պետք է փոխվեն, նրանք պետք է համապատասխանեն այն արժեքներին, որ հռչակել է իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Որևէ վերահսկողություն, որևէ կոնտրոլ չի կարող լինել: Ամբողջ հավատամքը Նիկոլ Փաշինյանի իշխանության այն է, որ պետք է լինի ազատ, անկախ մարմիններ, այնքան ուժեղ, որ իրագործեն իրենց անկախ իշխանությունը: Հենց այդ ռազմավարության լույսի ներքո է, որ իրենք աջակցում են իշխանության քայլերին»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․