Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ժամանում է Բաքու՝ մասնակցելու Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ համաժողովին:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, որը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները, թյուրքալեզու պետությունների համագործակցության զարգացումը օգուտ է բերելու ամբողջ տարածաշրջանին։ Այսօր թյուրքալեզու պետություններին միմյանց կապում են ոչ միայն ընդհանուր պատմական և մշակութային արմատները, այլ նաև միասնական շահերը, որ ուղղված են ոչ միայն այդ պետությունների, այլ նաև ամբողջ տարածաշրջանի զարգացմանը։
Էրդողանի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ թյուրքալեզու երկրները շարունակելու են զարգացնել և խորացնել համոգործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության և ռազմական։
Բաքվում Թուրքիայի առաջնորդը երկկողմ հանդիպումներ կունենա կազմակերպության անդամ երկրների ղեկավարների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի հետ:
Իսկ մինչ այդ, այսօր Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլուն Բաքվում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունն ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու երկրների կողմից իրականացվող քաղաքականության կարևորությունը՝ անվտանգության ապահովման համար, ասվում է ադրբեջանական արտգործնախարարության հաղորդագրությունում:
Ադրբեջանի մայրաքաղաքում մեկնարկած Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում Բաքու են ժամանում խորհրդի անդամ բոլոր պետությունների ղեկավարները:
Գագաթնաժողովը նվիրված է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 10-րդ տարեդարձին: Խորհրդի ստեղծման մասին նախիջևանյան համաձայնագիրը 2009 թվականին ստորագրել են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահները: Թյուրքական խորհրդի նախաձեռնողը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էր:
Բաքվում 7-րդ գագաթնաժողովի շրջանակում կհայտարարվի արդեն պաշտոնապես Ուզբեկստանի անդամակցության մասին: Խորհրդին միանալու մասին փաստաթուղթը այդ երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ստորագրել է սեպտեմբերի 14-ին:
Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի Հունգարիան:
Կազմակերպության կենտրոնակայանը Ստամբուլում է, խորհուրդը մտադիր է գրասենյակ բացել նաև Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում․ այս հարցը գագաթնաժողովի օրակարգում է:
Գագաթնաժողովում նախատեսվում է նաև Նուրսուլթան Նազարբաևին հռչակել խորհրդի պատվավոր նախագահ:
Վաղը թյուրքալեզու պետությունների ղեկավարները ստորագրելու մի շարք փաստաթղթեր: Նրանք, մասնավորապես, մտադիր են հիմնել խորհրդի համակարգող հանձնաժողով, թյուրքական ակադեմիա, թյուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամ, ինչպես նաև թյուրքական առևտրաարդյունաբերական պալատ:
Թյուրքալեզու երկրների ղեկավարները երեքշաբթի օրը նաև հռչակագիր են ստորագրելու։
Այսօր Բաքվում արդեն կայացել է այդ կազմակերպության արտործնախարարների հավաքը։
Հիշեցնենք՝ Թյուրքական խորհրդի անդամ երկու երկրներ՝ Ղազախստանը և Ղրղըզստանը, դե յուրե Հայաստանի դաշնակիցներն են ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, իսկ Ուզբեկստանը արդեն հայտարարել է, որ միանում է եվրասիական տնտեսական միությանը: