Ամեն տարի Թարգմանչաց տոնը նշվում է Օշականում՝ հայ առաջին թարգմանիչ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Գրողների միության համատեղ նախաձեռնությամբ: Թարգմանչաց տոնի կապակցությամբ ամեն տարի «Կանթեղ» թարգմանական մրցանակների են արժանանում տարվա լավագույն թարգմանիչները:
Վաղը ևս Թարգմանչաց տոնը Օշականում կհամախմբի հոգևորականների, գրողների, թարգմանիչների, հրատարակիչների, մանկավարժների ու աշակերտների, ովքեր գլուխ կխոնարհեն Մաշտոցի շիրիմի առջև:
Մինչ այդ, այսօր առավոտյան Մաշտոցի անվան հին ձեռագրատանը՝ Մատենադարանում մեկնարկեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողովը, որի համընկնումը Թարգմանչաց տոնի հետ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բոլորովին պատահական չի համարում:
«Մեր ու այդ համաժողովի միջև կա խորագրի նմանություն՝ կարմրջելու սրտերը: Այն, ինչ անում էր Թումանյանը՝ հայի և թուրքի միջև սպիտակ դրոշ պարզելով, հայի և հայի միջև գալ հաշտություն մտցնել բոլշևիկների, դաշնակների այդ խառը ժամանակներում: Ինքը թարգմանում էր իհարկե ռուսերենից հիմնականում և թարգմանում էր հրաշալի: Միայն Պուշկին «Ձմռան իրիկունը» փայլուն օրինակ է թարգմանության: Այնպես որ, այն հոգին, որ ուներ Թումանյանը, չէր կարող աշխարհի գեղեցիկը չբերեն հային և հայի գեղեցիկը չփորձեր տարածել: Եվ չմոռանանք, որ երբ գալիս էին թարգմանելու հայկական պոեզիան ռուս բանաստեղծները, հիմնականում մնում էին Թբիլիսիում Թումանյանի տանը: Վալերի Բրյուսովը ինչքան հիշողություններ ունի դրա հետ կապված», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միլիտոնյանը:
Այս տարի Գրողների միության նախաձեռնությամբ Թարգմանչաց տոնը վերածվել է 5-օրյա միջազգային գրական փառատոնի, որին մասնակցելու համար արտասահմանյան մի շարք երկրներից գրողներ ու թարգմանիչներ են հրավիրվել Հայաստան:
Այսօր Գրողների միության շենքի հարևանությամբ գտնվող Գրական պուրակում Թարգմանչաց տոնի կապակցությամբ ցուցահանդես էին բացել Հայաստանի գրահրատարակիչները՝ առանձին տաղավարներով ներկայացնելով իրենց հրատարակած թարգմանական գրականությունը՝ թե՛ արտասահմանյան գրողների գործերի հայերեն թարգմանություններ, թե՛ հայ գրողների ստեղծագործությունների օտարալեզու թարգմանություններ:
Վան Արյան հրատարակչության հիմնադիր տնօրեն Վան Արյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Թարգմանությունը ոչ միայն կամուրջ է գրողների միջև, դա կամուրջ է մշակույթների միջև, և դա կամուրջ է անգամ կարելի է ասել տարբեր քաղաքակրթությունների միջև: Փառք Աստծո, որ որոշակի դադարից հետո հիմա նորից թարգմանական գրականությունը բավականին աշխույժ է: Մարդիկ հասկացել են, որ պետք է իմանալ ուրիշին, և պետք է օգնել, որ ուրիշն էլ իմանա մեզ: Որքան շատ իմանանք, այնքան ագրեսիան, դաժանությունը կպակասի: Որովհետև վերջին հաշվով, լինի քրիստոնյա թե մուսուլման, հայ թե ճապոնացի, միևնույն է, նրանք մարդիկ են՝ նույն հույզերով, նույն զգացմունքներով: Կարդում ես ու, եթե ասենք չիմանաս ինչ գրող է գրել կամ անունները չիմանաս, կհասկանաս, որ նույն մարդիկ են՝ նույն ապրումներով, նույն ցավերով, նույն դարդերով: Փառք Աստծո, որ մենք պահպանել ենք Թարգմանչաց տոնը: Լավ տոն է, կամաց-կամաց երևի կդառնա իսկական գրական տոն, գրական ֆեստիվալ կդառնա»: