Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։
Վարչապետի խոսքով՝ այն հանգամանքը, որ սա երկու երկրների ղեկավարների նման ձևաչափով առաջին հանդիպումն է Հայաստանի անկախության օրվանից ի վեր, վկայում է հայ-ուզբեկական հարաբերություններին լիովին նոր թափ հաղորդելու երկկողմ քաղաքական կամքի և պատրաստակամության մասին։ Փաշինյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների նոր օրակարգի ձևավորմանն և դրա արագ ու արդյունավետ իրագործմանը։
Միրզիյոևն ընդգծել է՝ Ուզբեկստանը ևս կարևորում է Հայաստանի հետ կապերի զարգացումը, և նման հանդիպման առիթը պետք է օգտագործել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու, երկկողմ հարաբերություններում առկա ներուժը լիարժեք իրացնելու, համագործակցությանը նոր շունչ և որակ տալու նպատակով։ Այս համատեքստում Ուզբեկստանի նախագահն առաջարկել է քննարկել միջկառավարական հանձնաժողովի ձևավորման հնարավորությունը։
Համաձայնելով Շավքաթ Միրզիյոևի առաջարկությանը՝ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովն առաջիկայում կձևավորվի և արագ ու արդյունավետ գործունեության արդյունքում կմշակի համապատասխան իրավապայմանագրային դաշտ։
Հայաստանի վարչապետն իր գոհունակությունն է հայտնել Ուզբեկստանում հայ համայնքի նկատմամբ Ուզբեկստանի կառավարության հոգատար վերաբերմունքի, տեղացի հայերի նկատմամբ ուզբեկ ժողովրդի տածած հարգանքի և բարեկամական վերաբերմունքի համար։
Տնտեսական կապերի ակտիվացման առումով հեռանկարային է համարվել փոխգործակցության զարգացումը թեթև արդյունաբերության, բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության բնագավառներում։
Զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակում փոխայցելությունների անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով առաջիկայում ձեռնարկել կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Նիկոլ Փաշինյանը Աշխաբադ է մեկնել՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին: Այսօր ավելի վաղ նա հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: