Հինգշաբթի երեկոյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ, որտեղ այսօր մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Ուրբաթ օրը Հայաստանի վարչապետն արդեն հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, նախատեսված է հանդիպում նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ:
Աշխաբադում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն հայտնի չէ՝ կլինի՞ ոչ պաշտոնական շփում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, թե՞ ոչ:
Երեկ Թուրքմենստանի մայրաքաղաք է ժամանել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հինգշաբթի օրը Աշխաբադում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Զոհրաբ Մնացականյան-Սերգեյ Լավրով հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, արտգործնախարարությունների միջև ոլորտային խորհրդակցություններին:
Մնացականյանը և Լավրովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններով պայմանավորված զարգացումները:
Նախարարները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Հիշեցնենք, օրեր առաջ Սոչիում «Վալդայ» համաժողովին Լավրովը քննադատել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը՝ նշելով, թե նման հայտարարությունները չեն նպաստում երկխոսության համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանը:
Երեկ ԱՊՀ արտգործնախարարների նիստին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ իրենց դիրքորոշումներն են ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:
Մնացականյանն իր ելույթում մասնավորապես ասել է, որ հայկական կողմի առաջնային գերակայություններն են Արցախի անվտանգության ու կարգավիճակի հարցերը: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ Մնացականյանն ընդգծել է, որ խաղաղ գործընթացի հաջող զարգացման համար անհրաժեշտ է, որ բանակցությունները չդիտարկվեն որպես առավելապաշտական մոտեցումների առաջմղման ու պարտադրման միջոց:
Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել նաև խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությանը:
Էլմար Մամեդյարովն էլ հերթական անգամ հայտարարել է, թե բանակցությունները չեն կարող հավերժ տևել: «Ուզում եմ ուշադրություն հրավիրել հայ - ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժեշտության վրա», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: