«Սանիթեք»․ Գլխավոր դատախազությունը կոպտորեն խախտել է անմեղության կանխավարկածը

«Սանիթեք» ընկերությունը, որի հետ քաղաքապետարանը հոկտեմբերի սկզբին խզեց պայմանագիրը, հանդես է եկել հայտարարությամբ, որում ընկերությունը, ըստ էության, մեղադրում է թե՛ քաղաքային իշխանություններին, թե՛ Գլխավոր դատախազությանը, թե՛ Պետական եկամուտների կոմիտեին և թե՛ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:

Ընկերությունը պնդում է, թե Գլխավոր դատախազությունը կոպտորեն խախտել է անմեղության կանխավարկածը, քանի որ սեպտեմբերի վերջին քրեական գործ է հարցուցել քաղաքապետարանի և «Սանիթեք»-ի պաշտոնյաների կատարած առերևույթ չարաշահումների փաստով:

ՊԵԿ-ին «Սանիթեքը» մեղադրում է ֆինանսական և տեխնիկական սանկցիաներ կիրառելու մեջ:

Ինչ վերաբերում է ՄԻՊ գրասենյակին, ընկերությունը որպես իր դեմ ուղղված քայլ է բնորոշել օմբուդսմենի հրապարակած հատուկ զեկույցը 2018-2019 թվականներին «Սանիթեքի» աշխատակիցների իրավունքերի խախտման վերաբերյալ:

Գլխավոր դատախազության և ՊԵԿ-ի հանդեպ մեղադրանքներն այսքանով չեն սահմանափակվում․ - «Գլխավոր դատախազությունը և ՀՀ ՊԵԿ-ը, անհիմն քրեական գործեր հարուցելուց բացի, զբաղված էին իրենց որոշումները դատական կարգով վիճարկելու հնարավորությունից «Սանիթեք» ընկերությանը զրկելու գործընթացով, միտումնավոր կերպով բազմաթիվ անգամներ չներկայանալով դատական նիստերին: Այս հանգամանքը հիմք է տալիս հայտարարելու, որ դատական պաշտպանության միջոցները Հայաստանի Հանրապետությունում չեն գործում և պետությունը ի վիճակի չի ապահովել արդար դատաքննության իրավունքի իրացումը օտարերկրյա ներդրողի կողմից»:

Գլխավոր դատախազությունից այս փուլում չցանկացան մեկնաբանել «Սանիթեքի» հայտարարությունը՝ ասելով, որ եթե անհրաժեշտություն լինի հայտարարությամբ հանդես կգան։

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտարարեց՝ ավելի ոչ կոմպետենտ հայտարարություն դժվար է պատկերացնել․ - «Տպավորություն է, թե էդ տեքստի հեղինակն ընդհանրապես չի տիրապետում, թե ինչ է տեղի ունեցել վերջին առնվազն մի քանի ամիսներին, իսկ ընդհանրապես վերջին երկու տարիներին Երևանում աղբահանության հետ կապված, և առհասարակ չի լսել քաղաքապետի հայտարարությունը պայմանագրերը խզելու վերաբերյալ և չի կարդացել ծանուցումները»:

Կարապետյանի գնահամամբ, հայտարարության շեշտադրումները իրականությունից կտրված են: Նա չի հասկանում, թե դրանք ում են ուղղված․ - ««Սանիթեքը» իրավունք ունի իհարկե ինչ-ինչ իրավական ուղիներ ընտրելու: Քանի որ բավականին մանրակրկիտ ուսումնասիրությունների հիման վրա են որոշումները կայացվել, քաղաքապետարանի դիրքերն էս առումով բավականին ամուր են, և քաղաքապետարանը պատրաստ է սցենարներին: Այդ էջը, ըստ էության, քաղաքապետարանի համար փակված է, որովհետև քաղաքապետարանը նայում է առաջ և ոչ թե հետ»:

Օրեր առաջ «Սանիթեք» ընկերությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ պատրաստվում են դիմել արբիտրաժային դատարան: Հայտնի չէ դիմել են թե ոչ, բայց քաղաքային իշխանությունները դրան էլ են պատրաստ: