Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է՝ Փաշինյանն իր գնահատանքն է հայտնել դեսպանի գործունեության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, ինչը դրսևորվել է երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերով և Հայաստան-Իրան համագործակցության ամրապնդմամբ:
ՀՀ-ում Իրանի դեսպանը նշել է, որ իր հետագա գործունեության ընթացքում շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Իրան հարաբերությունների սերտացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ երկկողմ գործակցությունը կայուն զարգանում է, և դրան մեծապես նպաստել են ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իրան և Իրանի նախագահի այցը Հայաստան, որոնց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ աշխատանքը դինամիկ ընթանում է:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքի և անելիքների վերաբերյալ: