Էրդողանը արդարացնում է Թուրքիայի գործողությունը Սիրիայում և մերժում միջազգային քննադատությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպմանը հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում ընթացող ռազմական գործողության ընթացում, թուրքական զինուժը արդեն 109 ահաբեկիչ է չեզոքացրել, նկատի ունենալով քուրդ զինյալներին:

Նա մերժել է Թուրքիայի ռազմական գործողության վերաբերյալ միջազգային քննադատությունը, նորից պնդելով, որ գործողության նպատակը Թուրքիայի սահմաններին ահաբեկչության վերացումն է: Նա ասել է, որ այդ շրջաններում անվտանգության գոտի է ձևավորվելու, որտեղ բնակեցվելու են սիրիացի փախստականները:

Էրդողանը սպառնացել է Եվրոպային՝ ասելով, թե փախստականների դիմաց կբացի դռները դեպի եվրոպական երկրներ և հայտարարել, թե Եվրամիությունը չի կարող Թուրքիայի գործողությունը որակել որպես հարձակում:

Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Բելգիայի և Լեհաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտահերթ նիստում, դռնփակ քննարկելու է Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը:

Արաբական լիգան, որը բաղկացած է 22 երկրից, հոկտեմբերի 12-ին Կահիրեում արտահերթ նիստ է անցկացնելու: