«Հեղափոխությունից հետո, նախորդ մեկ ու կես տարվա ընթացքում սեփականության վերաբաշխման ոչ մի դեպք չի եղել: Սա մեր որդեգրած քաղաքական դիրքորշումն է, որն անփոփոխ է»․ - այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. Ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում արձանագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չթաքցնելով, որ գայթաղկությունը գնալ նման քայլի մեծ է եղել:
«Ես կոնկրետ հարյուր տոկոսով, և ոչ միայն ես, շատերը, այդ թվում մեր իրավապահ մարմինները, գիտեն, որ այդ սեփականությունը պատկանում է կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի, ձեռք է բերվել կոնկրետ միջոցներով, և մեծ է գաղթակղությունը ԱԱԾ-ին ասել, որ այդ կնոջը բերեք և ասեք թող ինքը գրի նոտարով, որ այդ սեփականությունը նվիրում է պետությանը: Շատ մեծ է այդ գայթակղությունը, և քաղաքական առումով հնարավոր է նույնիսկ արդարացված համարվի, բայց մենք, այսպես ասած, ատամներս կրճտացնելով, գիտենք, որ չի կարելի այդպիսի բան անել: Ոորվհետև եթե թեկուզ ֆեյք սեփականությունը դու այդ ճանապարհով վերցնում ես, բոլորը կմտածեն, որ այդ նույնը կարող է նաև իրենց հետ տեղի ունենալ: Մենք այդպես անում ենք, որ բոլորը մի հատ էլ ասեն՝ բա ինչի՞ չեն գնում էդ անում․․․ Որ բոլորը հասկանան, որ ոչ մեկի հետ էդպիսի բան տեղի ունենալ չի կարող: Երբ որ իշխանությունը զոռբա չի, շատերին թվում ա, թե իշխանությունը թույլ ա»:
Քաղաքականից մինչև տնտեսական այնպիսի հարց ինչպիսին ստվերի կրճատումն է, Փաշինյանը դիտարկում է վարքագծային համատեքստում: Օրինակ է հնչեցնում՝ սեպտեմբերի 21-ին Գյումրիում տպագրված ՀԴՄ կտրոնների թվաքանակը, չնայած նախադեպը չունեցող միջացառումների մասշտաբայնությանը չի տարբերվել նախորդ օրերից․ - «Բիզնեսը իր կողմից կես քայլ պիտի անի՞, թե՞ պետք ա չանի: Ես նկատի ունեմ․․․ էս գործընկերության տրամաբանությունը շատ կարևոր ա, որ չի կարող տնտեսական հեղափոխությունը լինել մենախոսություն, դա պետք ա երկխոսություն լինի»:
Հայաստանում աշխատուժի խնդիր կա․ սա վարչապետի արձանագրած հաջորդ խնդիրն է, այս մասին նա մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել և քննադատության է արժանացել․ - «Նախընտրում են, օրինակ, Ռուսաստանում, աչքից հեռու անել մի աշխատանք, ապրել նվաստացուցիչ պայմաններում, էնքան որ գյուղի աչքից հեռու: Բայց իրենց գյուղում, ասենք, խաղող հավաքելու համար գնալ և աշխատանքի ընդունվել, ընդ որում «Կարասի» ներկայացուցիչները կապվել են մարզպետարանի հետ, ասել են, որ ավտոբուսներ կտրամադրեն, որ գյուղերից էդ աշխատուժը հավաքեն և բերեն, որպեսզի բերքահավաքին մասնակցեն, բայց էլի հաջողություն չեն ունեցել: Էստեղ, իմ կարծիքով, կա նաև որոշակի վարքագծային տրամաբանություն»:
Խորհդաժողովի մասնակիցներից Վարդան Արամյանը, ով Կարեն Կարապետյանի կառավարությունում Ֆինանսների նախարարն էր, հարց բարձրացրեց, թե որն է տնտեսական ճեղքում առաջացնելու Հայստանյան մոդելը․ - «Պետք է անպայման ունենանք մեգածրագրեր, մեգանախագծեր: Եթե մեգանախագծեր չենք ունենում, ճեղքում անելը տնտեսական քաղաքականության մասով մենք դժվարանալու ենք: Եվ այդ մեգանախագծերի համար կա երկրորդ կարևորագույն բանը՝ չեմպիոններ: Կրթությունը շատ լավ է, չկա երկիր, որ կրթության մասին չխոսա, չկա երկիր, որ առողջապահական համակարգերի մասին չխոսա, բայց մենք պետք է մտածենք, թե որն է մերը»:
Արամյանին արձագանքեց գիտաժողովի կազմակերպիչ Արսեն Ղազարյանը․ - «Երկար տարիների համատեղ աշխատանքի փորձ ունեմ՝ չորս նախագահ, 17 թե 18 վարչապետ․․․ պարոն Արամյան, երկու կարևոր հանգամանք կա․ միշտ էլ փորձել ենք այդ համակարգերը կիրառել, փորձը տեղայնացնել, բայց չի ստացվել մի պատճառով՝ մենք իմիտացիա ենք արել, քաղաքական կամքը եղել է կեղծ»:
Փաշինյանը չորս ժամ շարունակ լսեց խորհդաժողովի բոլոր մասնակիցներին, գրառումներ կատարեց, մի քանիսին էլ անդրադարձավ իր ելույթում: Ասաց, որ ծանոթ է նաև այն քննադատությանը, թե տնտեսավարողների համար նոր իշխանությունների սահմանած կանոնները պարզ չեն, ապա հակադարձեց՝ կանոները շատ պարզ են․ մի՛ գողացիր, եղի՛ր արդյունավետ, եղի՛ր համագործակցող: