Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին:
Վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում Փաշինյանը ասել է. « Կցանկանայի նշել, որ մենք շատ ենք գնահատում Ձեր պատրաստակամությունը և գործունեությունը Հայաստանն աշխարհում ներկայացնելու ուղղությամբ, և դա շատ կարևոր է: Ներկայում մենք Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրության հսկայական աճ ունենք, և կարծում եմ՝ Դուք ներդրում ունեք այդ գործում: Հուսով եմ և վստահ եմ, որ Դուք կշարունակեք այդ գործունեությունը, և հետաքրքրված կլինեք Հայաստանի ներուժի մասին քննարկումներով: Ուրախ եմ այս հնարավորության համար, քանի որ այսօր Հայաստանի և մեր կառավարության համար շատ կարևոր ուղղություն է կանանց քաջալերելը և նրանց տնտեսական գործունեության մղելը»։
Քիմ Քարդաշյանի խոսքով՝ տպավորված է Հայաստանում մարդկանց ջերմ վերաբերմունքով և մտադիր է նաև տնտեսական գործունեություն ծավալել այստեղ:
Նիկոլ Փաշինյանը և Քիմ Քարդաշյանը մտքեր են փոխանակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի, հայ ինքնության պահպանման, Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական կյանքում կանանց ակտիվության և ներգրավվածության, ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում համագործակցության համար ընձեռվող հնարավորությունների շուրջ: