Քիմ Քարդաշյանը վերահաստատել է Հայաստանում ներդրումներ անելու մտադրությունը

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով Երևանում մասնակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին, բացառիկ հարցազրույց է տվել «Ռոյթերզ» գործակալությանը և պատմել է իր նախնիների երկրում ներքնազգեստի ու օծանելիքի արտադրություն հիմնելու, իրավապաշտպան գործունեության, քաղաքականության և մի շարք այլ հարցերի մասին:

Երկրորդ անգամ Երևան ժամանած հեռուստաաստղը միջազգային գործակալության հետ զրույցում կրկին վերահաստատել է, որ մտադիր է Հայաստանում ներդրում անել:

«Ես շատ հուզված եմ այն փաստից, որ այդ հարցով հանդիպում ունեմ այսօր երեկոյան և պատրաստվում եմ խոսել ապագա ներդրումներից և այստեղ արտադրություն հիմնելու մասին», - ասել է Քիմ Քարդաշյանը՝ առանց հստակեցնելու, թե ում հետ է պատրաստվում քննարկել իր հայաստանյան բիզնես պլանները:

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղը վերջերս ստեղծել է կանանց ներքնազգեստի իր ապրանքանիշը, որը համարվում է նորույթ իր տեսակի մեջ, քանի որ, ինչպես պնդում է հեղինակը, թաքցնում է կնոջ կազմվածքի թերությունները: Բացի ներքնազգեստից, ինչպես հայտարարել էր Քարդաշյանը, նաև հայկական ծաղիկների օծանելիքի արտադրություն է մտադիր հիմնել Հայաստանում: Այդ մասին նա հայտարարել էր նաև նախօրեին՝ WCIT-ի համաժողովում ունեցած իր ելույթի ընթացքում, ինչին դահլիճը ծափահարություններով էր արձագանքել:

Հայազգի հեռուստաաստղը, ի դեպ, սփյուռքահայ կառույցների քննադատության թիրախում էր հայտնվել իր այդ ապրանքանիշը Թուրքիայում արտադրելու ծրագրերի համար: Քարդաշյանը, ով պարբերաբար անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային և դատապարտում է այն ժխտող երկրների, մասնավորապես Թուրքիայի դիրքորոշումը, ի պատասխան այդ քննադատության ընդգծել է, որ հանձնառու է մնում Ցեղասպանության ճանաչման հարցն առաջ մղելու ջանքերին՝ միևնույն ժամանակ հավելելով, թե չի ցանկանում, որ «անցյալի իրադարձությունները հիմք հանդիսանան որևէ մեկի կամ որևէ ազգի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար»:

«Ռոյթերզի» հետ զրույցում Քարդաշյանն ասել է, որ միայն արտադրական փուլի ավարտին է իմացել, որ իր ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող հինգ երկրներից մեկն էլ Թուրքիան է․ - «Ես ի սկզբանե չէի մասնակցում արտադրական փուլին: Տարբեր գործարաններից ուղարկված նմուշներից ես պարզապես ընտրում էի ամենաորակյալը ր չէի էլ հարցնում, թե դրանք որտեղ են արտադրվել»:

Սոցիալական ցանցերում հարյուր միլիոնավոր հետևորդներդ ունեցող մեգաաստղը բիզնեսին, հեռուստատեսային և մոդելային կարիերային զուգահեռ նաև իրավաբանական կրթություն է ստանում: Նրա հանգուցյալ հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը նույնպես փաստաբան էր: Քիմը ասում է, որ լի է վճռականությամբ մասնագիտություն ստանալու հարցում, չնայած դա այդքան էլ դյուրին չէ իր հագեցած օրակարգի պատճառով:

Խոսելով իր վերջին տարիներին բավական ակտիվ իրավապաշտպան գործունեության մասին՝ նա կարևորել է ապագայում նախկին կալանավորների իրավունքների վրա կենտրոնանալը․ - «Իմ իմացած ամենատեղեկացված մարդկանցից շատերը, որոնց ես երբևէ հանդիպել եմ, ամենախելացի մարդիկ, որոնք բոլորից լավ գիտեն օրենքը, դրանք այն մարդիկ են, ովքեր բանտարկված են եղել»:

Քարդաշյանն ասում է, որ կփորձի օգտակար լինել նախկին դատապարտյալներին աշխատանքով ապահովելու հարցում: Նախկին կալանավորներին «երկրորդ շանս» տալու պահանջը ամերիկահայ հեռուստաաստղը ընդհուպ Սպիտակ տուն է հասցրել. ամիսներ առաջ նա հյուրընկալվել էր նախագահ Դոնալդ Թրամփին և պատմել իր այդ նախաձեռնության մասին: Նա ասել էր, որ տուն վերադարձած նախկին բանտարկյալներին բավարար աջակցություն չի ցուցաբերվում նորմալ կյանքը վերականգնելու համար:

Անցյալ տարի Քարդաշյանի բարեխոսության շնորհիվ Թրամփը ներում էր շնորհել թմրանյութերի ու փողերի լվացման մեդադրանքներով ցմահ ազատազրկման դատապարտված 63-ամյա Մարի Ջոնսոնին, ով արդեն 20 տարի անցկացրել էր բանտում:

Չնայած ամերիկյան քաղաքական վերնախավի հետ ունեցած իր կապերին, Քիմ Քարդաշյանը քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի. - «Երբեք քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չեմ ունեցել, դա ծայրաստիճան կարևոր գործ է: Ես պարզապես սիրում եմ մարդկանց մասին հոգ տանել, հուսով եմ ապագա նախագահների հետ լավ հարաբերություններ կունենամ և կշարունակեմ օգնել մարդկանց ուժերիս ներածի չափով»:

Աշխարհի ամենաազդեցիկ կանանցից համարվող 38-ամյա հեռուստաաստղը Հայաստանում է երկրորդ անգամ: Այս անգամ նա եկել է ավագ քրոջ՝ Քորթնիի հետ: Քույրերն իրենց հետ Հայաստան են բերել նաև իրենց զավակներին և մկրտել Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում: Քիմ Քարդաշյանի չորս երեխաներից երեքը մկրտվել են Էջմիածնում, իսկ ավագ դուստրը 2015 թվականին մկրտվել էր Երուսաղեմի հայկական եկեղեցում: