Նավալնին մերժում է իր հիմնադրամը «օտարերկրյա գործակալ» համարելու իշխանությունների որոշումը

Ռուսաստանցի ընդդիմադիր հայտնի գործիչ Ալեքսեյ Նավալնին մերժում է իր հիմնադրամը «արտասահմանյան գործակալ» համարելու ՌԴ արդարադատության նախարարության որոշումը, որի մասին հայտարարվել էր այսօր:

Նավալնին ասել է, թե Ռուսաստանի իշխանությունները վախենում են իր հիմնադրամից կոռուպցիոն բացահայտումների համար:

«Մենք պահանջում ենք, որ արդարադատության նախարարությունը հրապարակավ պարզաբանի և ապացույցներ ներկայացնի, որ հակակոռուպցիոն հիմնադրամը դրսից գեթ մեկ պենի գումար է ստացել», - Թվիթերում գրել է Նավալնին:

Նա նշել է, որ արդարադատության նախարարության որոշումը բացարձակապես անօրինական է և ընդունվել է Պուտինի ուղղակի հանձնարարությամբ: «Պուտինը սարսափելի վախենում է հակակոռուպցիոն հիմնադրամից: Նա հենվում է գողերի, կաշառակերների ու կոռումպացված պաշտոնյաների վրա: Իսկ մենք բացահայտում ենք կոռուպցիան ու անկախ ամեն ինչից կանգ չենք առնի»,- գրել է Նավալնին:

2012 թվականից ուժի մեջ մտած օրենքով Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» են համարվում դրսից ֆինանսավորվող կազմակերպությունները: Նրանք պարտավոր են գրանցվել պետռեգիստրում, պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել ֆինանսական աղբյուրների և իրենց գործունեության նպատակների մասին: Արևմուտքը և իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են ռուսական այդ օրենքը: