Ծրագրվում է ստեղծել Highconnect համահայկական թվային հարթակ

Ստեղծվում է համահայկական թվային հարթակ, որը կկապի աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ու տարբեր մասնագիտություններ ունեցող հայերին։

Այս մասին այսօր հայտարարեցին թվային հարթակի նախաձեռնողները։ Նրանց թվում է աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը և Reddit սոցիալական ցանցի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։

«Համահայկական թվային հարթակ ենք հիմնելու: Այն կկապի աշխարհի հայերին՝ ստեղծելու բազմաթիվ, տարբեր հետաքրքրության համայնքներ: Սա կդառնա առցանց հարթակ հայ ազգի համար», - ասաց Սերժ Թանկյանը:

Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը գաղափարի մասին խոսելիս նշում է, որ իր համար բավական հուզիչ պահ է։ Օհանյանի խոսքով, գաղափարը ծագել է իր, Սերժ Թանկյանի ու Լոս Անջելեսի համալսարանի Վաչե և Թամար Մանուկյան բաժնի ղեկավար Էրիկ Իսրայելյանի մտքում․ - «Մենք պետք է օգտագործենք մեր փորձը հարթակը ստեղծելու համար, որպեսզի ամբողջ աշխարհի հայերը կարողանան օգտագործել այն ու բարգավաճեն»։

Highconnect. այս անունը կունենա համահայկական թվային հարթակը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նկատում է, որ անվանումը երկիմաստ է՝ նշանակում է և՛ բարձր, և՛ հայ․ - «Մենք պարոն Զորյանի հետ միասին սիլիկոնյան հովտում արդեն գտել ենք այն տարածքը, որը պետք է լինի ապրելու և աշխատելու տեղը այն մարդկանց, ովքեր այդ ծրագրին դիմելով կգան Հայաստան, իրենց ընկերությունը կգրանցեն, նաև իհարկե տեղական ընկերությունների և ձեռնարեցների համար է: Կդիմեն ծրագրին՝ մասնակցելու այս կամ այն ձեռներեցության դասընթացին կամ որևէ այլ դասընթացի: Սա շատ երկար դասընթացների մասին չի խոսքը՝ 3-6 ամիս, հիմնականում ձեռներեցության և նաև ուժեղ մարդկանց հանդիպելու, վերչուր կապիտալիստներին հանդիպելու և ներդրումներ հայթայթելու համար: Այսպիսով, այստեղ ծրագրին դիմելով և հաղթելով, նրանք նաև հնարավորություն կստանան ապրելու և աշխատելու հենց այդ ժամանակահատվածում այնտեղ, որտեղ որ արդեն վարձակալած տարածքը կունենանք»:

Ալեքսիս Օհանյանն այսօր մասնակցել է նաև իր «Առցանց թույլտվության» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին։