«Եթե «Սանիթեք» ընկերությունը այնուամենայնիվ որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք պատրաստ ենք դրան: Ուսումնասիրելով բոլոր փաստերը և խնդիրները՝ պատրաստվել ենք այն ամեն ինչին», - հայտարարեց Մարությանը:
Քաղաքապետն օրեր առաջ հայտարարեց, որ խզում են մայրաքաղաքում աղբահանության աշխատանքները տապալած «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը: Մինչև այդ մի քանի անգամ քաղաքապետարանն ընկերությանը տույժի էր ենթարկել: «Սանիթեք»-ից օրեր առաջ «Ազատությանը» հայտնեցին, որ պատրաստվում են դիմել արբիտրաժային դատարան:
Արդեն տևական ժամանակ է Երևանի աղբահանությունն իրականացվում է քաղաքապետարի գնած աղբատարներով, քաղաքապետարանը որոշել է այս փուլում այդ աշխատանքները ինքնուրույն իրականացնել։
Հայկ Մարությանը վստահեցնում է՝ շարժակազմը համալրվում է․ - «Մոտակա ամիսների ընթացքում պրոցեսը վերջնականապես կավարտվի»:
Քաղաքապետի խոսքով, աղբահանության խնդրի ողջ ընթացքում իրենք պատրաստվել են իրավական գործընթացին: Մտահոգվելու տեղիք է տալիս «Սանիթեք»-ի հետ ժամանակին կնքված պայմանագիրը, աշխատանքային փաստաթղթերը․ - «Այդ հարցերով մեկ անգամ դիմել ենք դատախազություն, ևս մեկ անգամ, փաստերը հավաքելուց հետո, նույնպես դիմում ենք դատախազություն»:
Մարությանը փաստում է, որ դրական բազմաթիվ փոփոխություններ են արձանագրել․ - «Բայց սա դեռ վերջը չի, լինելու է շատ ավելի լավ: Ուզում եմ ասել, որ սանմաքրումը նոր ենք սկսում, մինչ այս իրականացնում էին միայն աղբահանություն և աշխատում էինք այդ ուղղությամբ: Ասեմ ավելին, աղբահանությունը, որ արդեն բերել ենք էս մակարդակին, է՛լ ավելի է լավանալու, որովհետև այս պահին փոխված է չորս հազար աղբաման, նախատեսվում է փոխել ինը հազար աղբաման: Այս պահին աշխատում է 34 մեքենա, նախատսվում է, որ պետք է աշխատի 54 մեքենա»:
Ի դեպ, քաղաքապետարանը պայմանագրի խզման նախօրեին «Սանիթեք»-ին փոխանցել է ընդհանուր 160 մլն դրամ օգոստոսի երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց՝ հորդորելով ընկերությանը կատարել աշխատավարձային պարտավորությունները:
Հիշեցնենք՝ ընկերության աշխատակիցները շաբաթներ առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել ու բարձրաձայնում էին, թե աշխատավարձ չեն ստանում։
«Սանիթեքը» արդեն դիմել է արբիտրաժային դատարան, թե ոչ, այս պահին հայտնի չէ: Այդուհանդերձ ընկերությունը վստահեցնում է, որ բոլոր գործընթացները լինելու են բաց և թափանցիկ: