Պետական դեպարտամենտը դեսպանին արգելել է ցուցմունք տալ Թրամփի իմպիչմենտի հարցով

ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդը, արխիվ, Բուխարստ, 5 սեպտեմբերի, 2019թ.

ԱՄՆ պետական դեպարտամենտը Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդին պաշտոնապես արգելել է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի նախապատրաստման գործընթացի շրջանակում պատասխանել Ներկայացուցիչների տան հետախուզության, արտաքին հարցերի, հսկողության և բարեփոխումների հանձնաժողովների անդամների հարցերին:

Դեսպանի փաստաբան Ռոբերտ Լուսկինի փոխանցմամբ, Սոնդլանդը ստիպված է ենթարկվել պետական դեպարտամենտի կարգադրությանը:

Ըստ փաստաբանի, արձակելով կարգադրությունը՝ պետական դեպարտամենտը որևէ պարզաբանում չի ներկայացրել:

Դեսպան Սոնդլանդն ավելի վաղ ասել է, թե պատրաստ է պատասխանել կոնգրեսականների հարցերին:

«Ես կցանկանայի, որ դեսպան Սոնդլանդը գնա Կոնգրես և ցուցմունք տա, բայց, դժբախտաբար, նա այնտեղ ստիպված կլինի պատասխանել ամբողջովին վարկաբեկված կեղծ դատարանի հարցերին, շինծու կառույց, որը խլել է հանրապետականների իրավունքները, որը հանրությանը զրկել է իրական փաստերն իմանալու հնարավորությունից»,- Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահը: