Այստեղ փորձում եմ գտնել ներդրումներ կատարելու հնարավորություններ․ Ալեքսիս Օհանյան

Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Երևանում անցնող WCIT - 2019 համաժողովում իր ելույթից առաջ պատասխանեց լրագրողների հարցերին:

Օհանյան․ - Ողջույն, ուրախ եմ տուն վերադառնալ: Ես ամեն անգամ անհամբեր սպասում եմ այստեղ վերադառնալուն: Ուրախ եմ, որ Հայաստանում, Երևանում համաշխարհային մակարդակի լսարան է ձևավորվել: Յուրահատուկ ժամանակներ են:

Հարց․ - Ի՞նչ նորություն եք բերում այստեղ:

Օհանյան․ - Ստիպված եք լինելու սպասել իմ ելույթին: Երեկ ես ճաշկերույթի մասնակցեցի: Իմ լավ ընկերը՝ Նինան, ով HIVE-ի ղեկավարն է, ես նրան խնդրել էի միջոցառում կազմակերպել երևանյան կին ձեռնարկատերերի հետ: Մենք հոյակապ ճաշկերույթ անցկացրեցինք: Այդ միջոցառման լուսանկարը իմ Ինստագրամում կա: Այդ ճաշին հնարավորություն ունեցա ապագայի միլիարդ դոլարանոց ընկերությունների մի քանի հիմնադիրների հետ, ովքեր աշխատում են հենց այստեղ՝ Հայաստանում: Կասեմ, որ առանձնահատուկ ժամանակներում ենք ապրում․ Ինտերնետը այնքա՜ն հնարավորություններ է բացում ամբողջ աշխարհում հետաքրքիր գաղափարներ ունեցող մարդկանց համար:
Եվ ես ուղղակի հիացած եմ՝ տեսնելով այս ոգևորությունն այստեղ: Հույս ունեմ, որ դեռ շատ ու շատ մեծ գաղափարներ են ծնվելու այստեղ:

Հարց․ - Ձեր այսօրվա ելույթի առանցքային գաղափարը ո՞րն է լինելու:

Օհանյան․ - Ինձ շատ դուր է գալիս այն փաստը, որ մենք այնպիսի ազգ ենք, որը գնահատում է շախմատը և յուրաքանչյուր աշակերտ սովորում է շախմատ խաղալ: Դա հոյակապ հիմք է ծրագրավորում սովորելու համար: Եվ ես չեմ կարողանում ժպիտս զսպել, երբ տեսնում եմ, «Թումոյի» նման կենտրոններ հաճախող երեխաներին, ովքեր երիտասարդ տարիքից ծրագրավորում են սովորում: Շախմատը հիանալի հիմք է ծրագրավորման համար, իսկ ծրագրավորումը ժամանակակից աշխարհի գերուժն է: Այնպես որ, սա փոքր երկիր է, բայց մենք շատ պայծառ ուղեղներ ունենք: Եվ տնտեսությունը զարգացնելու համար մենք պետք է շարունակենք ներդրումներ կատարել տեխնոլոգիաներում և խրախուսենք այնպիսի կարողությունների զարգացումը, որոնք կօգնեն նոր ընկերություններ ստեղծել, ծրագրավորել և նոր ծրագրային ապահովում ստեղծել:

Հարց․ - Դուք պատրա՞ստ եք դառնալ ներդրողներից մեկը:

Օհանյան․ - Այսօր այս թեմայով դեռ առիթ կլինի խոսելու: Ես այստեղ փորձում եմ գտնել ներդրումներ կատարելու հնարավորություններ: Երևի գիտեք, ես վերջերս «Շախմատ» անվանմամբ կոնյակի սահմանափակ չափաքանակ թողարկեցի, որովհետև ուզում էի դա ներկայացնել աշխարհին: Եվ կարծում եմ, որ դեռ էլի շատ նորություններ կունենամ, այնպես որ, ուշադիր եղեք:

Հարց․ - Ձեր գրքի մասին կպատմե՞ք:

Օհանյան․ - Իմ գիրքը՝ «Առանց թույլատվության», թարգմանվել է հայերեն և ես այսօր ավելի ուշ դրան նվիրված միջոցառման կմասնակցեմ: Ես պետք է աշխատեմ իմ հայերենի վրա, որովհետև դեռևս չեմ կարողանում կարդալ իմ գիրքը հայերենով:

Հարց․ ​- Իսկ խոսել կարողանո՞ւմ եք:

Օհանյան․ - Գիտեմ որոշ բաներ: Ինձ կներեք, հիմա պիտի բեմ բարձրանամ: