Ադրբեջանը նոր վարչապետ ունի՝ կրկին նախիջևանցի

Ադրբեջանի նորանշանակ վարչապետ Ալի Ասադով

Նախիջևանցին կփոխարինի նախիջևանցուն: Այսօր առավոտյան Ադրբեջանի խորհրդարանը միաձայն որոշեց բավարարել վարչապետ Նովրուզ Մամեդովի հրաժարականի դիմումը և այդ պաշտոնում, բնականաբար նախագահ Իլհամ Ալիևի առաջարկով, նշանակել Ալի Ասադովին:

«Առաջնորդվելով Ադրբեջանի սահմանադրության 109-րդ հոդվածի դրույթներով` նախագահ Իլհամ Ալիևը տնտեսական հարցերով իր օգնական Ալի Ասադովին առաջադրել է վարչապետի պաշտոնում: Մենք պետք է բավարարենք նաև Նովրուզ Մամեդովի հրաժարականի դիմումը, շնորհակալություն հայտնենք նրան կատարած աշխատանքի համար և քաջառողջություն մաղթենք», - դիմելով պատգամավորներին՝ հայտարարել է Միլի մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովը:

Ադրբեջանցի խորհրդարանականները Ալի Ասադովին վարչապետի պաշտոնում հաստատեցին միաձայն`105 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ: Ընդամենը մեկուկես տարի կառավարության ղեկավարի պաշտոնում աշխատած Նովրուզ Մամեդովի հրաժարականի պատճառների մասին Միլի մեջլիսի նիստերի դահլիճում այսօր հարցեր չէին հնչում: Ակնհայտ էր, որ ադրբեջանցի պատգամավորները շատ լավ են հասկանում, որ վարչապետի փոփոխության նախաձեռնողը անձամբ երկրի ղեկավարն է:

«Այսօր ելույթ ունենալով ձեր առջև՝ ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում նախագահ Իլհամ Ալիևին այս բարձր վստահության համար: Անցնող տարիներին նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարության ներքո մենք մի շարք գլոբալ նախագծեր ենք կյանքի կոչել, զարգացել է տնտեսության նավթային սեկտորը, երկիրը մուտք է գործել տիեզերական պետությունների ընտանիք: Նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ մեր տնտեսությունը զարգացման տիտանական ուղի է անցել», - հայտարարել է Ադրբեջանի նորանշանակ վարչապետը` մոտ 5 րոպե շարունակված ելույթի ընթացքում շուրջ 15 անգամ հիշատակելով երկրի նախագահի անունը:

Ալի Ասադովը վարչապետի պաշտոնում առաջին ելույթում չմոռացավ նաև հարևան Հայաստանի և դրա ղեկավարների մասին` այս հարցը ևս շաղկապելով Իլհամ Ալիևի անվան հետ․ - «Հայաստանի ղեկավարների անպատասխանատու և պոպուլիստական հայտարարություններին նախագահ Իլհամ Ալիևը արժանի պատասխան տվեց` Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»:

Ալի Ասադովի խոսքով, Ադրբեջանի առջև ծառացած թիվ մեկ խնդիրը Ղարաբաղն է․ - «Ադրբեջանի ռազմական հզորության մեծացումը և երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը նախագահ Ալիևի ամենօրյա աշխատանքի առաջնահերթյուններն են»:

Ինչպես և իր նախորդը, Ալի Ասադովը ևս ծնունդով Նախիջևանից է: 1978 թվականին նա ավարտել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 80-ականներին աշխատել է խորհրդային Ադրբեջանի Պետպլանում և Գիտությունների ակադեմիայում, հետագայում զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով: Անկախ Ադրբեջանում քաղաքականությամբ սկսել է զբաղվել Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո: 1995-ին ընտրվել է Միլի մեջլիսի անդամ, իսկ երեք տարի անց արդեն աշխատանքի է անցել այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հեյդար Ալիևի աշխատակազմում:

Վերջին 20 տարիներին Ասադովը նախագահականում հիմնականում համակարգում էր տնտեսական խնդիրները: