Միացյալ Նահանգները «սև ցուցակում» է ներառել չինական 28 կազմակերպությունների, որոնք, Առևտրի նախարարության փոխանցմամբ, Չինաստանի Սինծյանի նահանգում ներգրավված են ույղուրների իրավունքների ոտնահարմանն ուղղված գործողությունների մեջ: Ույղուրները Սինծյանի նահանգում բնակվող մահմեդականներ են:
ԱՄՆ առևտրի նախարարության կարգադրությամբ, ընկերություններին արգելվում է ապրանքներ գնել այդ ընկերություններից՝ առանց ԱՄՆ կառավարության թույլտվության:
ԱՄՆ առևտրի նախարարության փոխանցմամբ, այդ ընկերությունները նպաստում են Չինաստանում պետական մակարդակով իրականացվող արշավին, որի ընթացքում ույղուրների, ինչպես նաև տեղացի ղազախների և ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հսկողություն է սահմանվում արդիական տեխնոլոգիաների միջոցով, և կիրառվում են ապօրինի ձերբակալություններ:
28 ընկերությունների ցանկում են հանրային անվտանգության 20 գործակալություններ, տեսադիտարկումներ իրականացնող Hikvision ընկերությունը, մարդու դեմքի վերլուծության եղանակով նրա ինքնությունը պարզող մեթոդը կիրառող Sense Time ընկերությունը և տեխնոլոգիական այլ կազմակերպություններ:
Ենթադրվում է, որ Չինաստանը խիստ արձագանք կտա ԱՄՆ առևտրի նախարարության ընդունած որոշմանը:
ՄԱԿ-ի տվյալներով, Սինծյանի նահանգում առնվազն մեկ միլիոն ույղուրներ և ազգային այլ խմբերի ներկայացուցիչներ պահվում են ճամբարներում:
Պաշտոնական Պեկինը պնդում է, որ դրանք ոչ թե մարդկանց բռնի ուժով պահելու ճամբարներ են, այլ դաստիարակման և ուսուցման կենտրոններ:
«Սինծյանում Չինաստանի վարած հալածանքների քաղաքականությունը ոչ թե ահաբեկչության դեմ պայքար է, այլ սեփական քաղաքացիների բնաջնջում», - սեպտեմբերի 22-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն: