Արցախի այս տարվա ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ հին մեթոդոլոգիան իրեն սպառել է: «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով 2020 թվականին Արցախում անցկացվող խորհրդարանական և նախագահական ընտրություններին:
Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեսյբուքյան վերջին գրառմամբ տեղեկացրել էր, որ նոյեմբերի 9-ին կհրապարակի նախագահի սեփական թեկնածուի անունը: Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանն ավելի վաղ չէր բացառել իր ակտիվ մասնակցությունը առաջիկա ընտրություններին: Առաջադրվելու մասին արդեն մեկ անգամ չէ, որ հայտարարել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենալու համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու գործընթաց էր սկսել նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Բոլոր հավանական թեկնածուները պետք է գիտակցեն՝ այս ընտրությունները բոլորովին նոր կանոններով են անցնելու, այլևս ընտրություններից առաջ ոչ թե կանխատեսելիություն է, այլ՝ անորոշություն, ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
«Մեծ անորոշություն է, իհարկե, հանրության մեջ, ինչի՝ որովհետև առաջին անգամ է, փաստորեն, պատմության մեջ, անկախ պատմության մեջ, երբ որ իսկապես մարդիկ պիտի կողմնորոշվեն ու գնան իրենց ձայները տան: Գործող էդ լծակները՝ սրա մարդ, նրա մարդ, էսինչ, ցույց տվեցին այս ընտրություններում, որ չեն աշխատում, բացարձակապես: Անգամ եղել են տեղեր, որտեղ 20-25 տարի լրիվ ֆեոդալական կարգեր էին, սարսափի մեջ ապրող մարդիկ, բայց դրել են նոր դեմքեր, հաղթել», - ասաց Սարգսյանը՝ շարունակելով․ - «Դրա համար, անիմաստ բան է ընդհանրապես խոսել: Էնտեղ էլ կան մարդիկ, որոնք որ հույս ունեն, որ էստեղից ինչ-որ աջակցություն կստանան, բայց էդ աջակցությունը ոչ թե նախկին դեմքերից՝ նախկին դեմքերը որևէ ազդեցություն էնտեղ չունեն, բացարձակապես, այլ, ասենք, Հայաստանի իշխանություններից, ինչ-որ ձևով, չնայած հայտարարվել է այստեղ, որ որևէ միջամտություն չի լինելու, բայց փայփայում են, ամեն կերպ, կան մարդիկ, որոնք փորձում են ցույց տան, որ իրեն էնտեղ ժողովրդի աջակցությունն է մեծ, և այլն, էլի»:
Հեղափոխությունից հետո հայաստանյան իշխանությունների աշխատանքը Արցախի իշխանական վերնախավի հետ այնքան էլ հարթ չանցավ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անգամ ակնարկեց Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի՝ նախկինների հետ ունեցած կապի մասին, անվանելով նրանց «պարի ընկերներ»: Այդ ժամանակահատվածում Արցախում կադրային փոփոխություններ ու վերադասավորումներ էլ եղան, մասնավորապես՝ ուժային կառույցներում:
Ըստ քաղաքագետի՝ պաշտոնից հեռացած շատ անձինք ՏԻՄ ընտրություններից հետո պետք է հետևություններ անեն իրենց վարկանիշի մասին։ «Բայց այն տոտալիտար մթնոլորտը, որը եղել է, կամ այդ, ասենք, ադմինիստրատիվ ռեսուրսը և այլն, իհարկե, չի աշխատում, չի էլ կարող աշխատել, ինչի համար՝ որովհետև բոլոր էն դեմքերը, ովքեր որ հանվել են, պաշտոններից հեռացվել են, ինչ-որ ժամանակ դեռ փայփայում էին, թե առանց պաշտոնի էլ իրենք ինչ-որ ազդեցություն ունեն, իրականության մեջ կյանքը արդեն ցույց տվեց այս ընտրություններում, որ դա այդպես չէ: Դրա համար միակ, փաստորեն, մեխանիզմը, որի միջոցով կարող է ընտրվել նախագահը, պառլամենտը, դա լինելու է ընտրողի ձայնը», - ընդգծեց Մանվել Սարգսյանը:
Քաղաքագետը կարծում է՝ շատ հարցերի վերջակետ Արցախում դրվեց օգոստոսի 5-ին Հայաստանի վարչապետի՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթով: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանը լինելու է Արցախում արդար ու թափանցիկ ընտրությունների երաշխավորը: Հայտարարությանը հաջորդեց Հայաստանի կառավարության որոշումը՝ դրամաշնորհ տրամադրել հասարարական կազմակերպություններին Արցախում ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար: