Քիմ և Քորթնի Քարդաշյաններն այսօր այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. նրանք մասնակցել են մկրտության արարողության

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ և Քորթնի Քարդաշյաններն այսօր ացելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ մասնակցել են մկրտության արարողության։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Թե ովքե՞ր են մասնավորապես մկրտվել Քարդաշյանների ընտանիքից, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից չեն հայտնում։

Քիմ Քարդաշյանը Երևանում է՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։ Ինչպես նախորդի, այնպես էլ այս այցի ընթացքում Քարդաշյանը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչները, Քարդաշյանի երկրպագուները պաշարել էին այն հյուրանոցի մուտքը, որտեղ Քարդաշյաններն էին։

Ամերիկահայ հեռուստաաստղի ընտանիքի հետ Հայաստան են ժամանել նաև նրա անվտանգության աշխատողները, որոնք ուժեղ հսկողություն են իրականացնում նրանց ուղեկցելիս։

Հյուրանոցի տարածքից Քիմը հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։ Քարդաշյանները Հայաստան են եկել իրենց 7 երեխաների հետ։ Նրանք երեկ կեսգիշերին մոտ են ժամանել Երևան։ Ժամեր շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահում Քարդաշյանին սպասող լրագրողները, սակայն, այդպես էլ չկարողացան նկարահանել նրան:

Ավելի ուշ պարզվեց՝ Քարդաշյանը դուրս է եկել նախագահական սրահից։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի ծրագրերի ղեկավար Սյուզաննա Ազոյանը պատճառաբանեց, թե վերջին րոպեներին Քարդաշյանները նախընտրել են նախագահական սրահից դուրս գալ, քանի որ երեխաները քնած են եղել, իսկ իրենք էլ՝ հոգնած։

«Ինքը անպայման հայկական լրագրողների հետ կհանդիպի, որևիցե խնդիր չկա, ուղղակի էսօր որևիցե ձևի պատրաստ չէր, չմտածեք, էլի, ոչ հարգանք էր կամ բան էր, հարգանքով շատ մոտենալով, ուղղակի երեխաները հոգնած էին», - ասաց Սյուզաննա Ազոյանը։

Սակայն լուսանկարիչներին հաջողվել է լուսանկարել Քիմ ու Քորթնի Քարդաշյանների ելքը նախագահական սրահից՝ երեխաների հետ. լուսանկարներում նրանք արթուն են։ Հատկանշական է, որ Քարդաշյանների անվտանգությունն ապահովելու համար օդանավակայան էին ժամանել մեծ թվով ոստիկաններ, ժամեր առաջ տարածք էին եկել նաև ամերիկահայ հեռուստաաստղի անվտանգության աշխատակիցները։