Վարչապետը հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) պաշտոնական բացման արարողությանը և հանդես եկել ելույթով:

Պաշտոնական բացումից հետո վարչապետը հանդիպումներ է ունեցել WCIT 2019 մասնակից ՏՏ ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը WCIT 2019 մասնակից, «Infosys» կորպորացիայի համահիմնադիր, հնդկաստանցի հայտնի գործարար Նարայանա Մուրտիի հետ էր: «Infosys» ընկերությունն զբաղվում է էլեկտրոնային առևտրի և հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների համար ծրագրային ապահովման մշակմամբ և խորհրդատվության տրամադրմամբ:

Կառավարության ղեկավարը ողջունել է Նարայանա Մուրտիին Հայաստանում և կարևորել ՏՏ ոլորտի նման հեղինակավոր կազմակերպության ղեկավարի մասնակցությունը Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսին, ինչը երկկողմանի լավ հնարավորություն է՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար:

Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակյնության հետ կապերի վարչության, «Infosys» կորպորացիայի համահիմնադիր Նարայանա Մուրտին քննարկել է տեխնոլոգիական բնագավառի զարգացմանը վերաբերող, ինչպես նաև փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

«Մենք կրթությունը համարում ենք մեր երկրի զարգացման կարևորագույն շարժիչներից մեկը և ներկայում առաջ ենք շարժվում կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով: Մեր ՏՏ ոլորտը կայուն զարգանում է՝ տարեկան 20-25 տոկոսանոց աճ գրանցելով և մեծացնելով մեր երկրի գրավչությունը: Նաև հարկային լայն արտոնություններ ենք նախատեսել Հայաստանում նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել WCIT 2019 մասնակից, ԱՄԷ «Mubadala Investment» ընկերության ավիացիայի ու ինժեներական ծառայությունների ստորաբաժանման տնօրեն Հոմեյդ Ալ Շիմմարիի հետ: «Mubadala Investment»-ը միջազգային ներդրումային կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 50 երկրում և ներդրումային ծրագրեր իրականացնում տարբեր ոլորտներում:

Վարչապետը ողջունել է «Mubadala Investment» ընկերության պատվիրակության մասնակցությունը նման կարևոր միջոցառմանը, ինչը գործընկերության հեռանկարները քննարկելու լավ առիթ է: Կառավարության ղեկավարը խոսել է Հայաստանում իրականացված քաղաքական փոփոխությունների մասին, նշել, որ լուրջ քայլեր են իրականացվել համակարգային կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ, ինչը մեծ կարևորություն ունի ներդրումային միջավայրը գրավիչ դարձնելու առումով:

«Մեր ռազմավարությունն է՝ Հայաստանում զարգացնել տեխնոլոգիական ոլորտը, որտեղ հսկայական ներուժ կա: ՏՏ ոլորտը մեր երկրում դինամիկ զարգանում է, մենք ստեղծել ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, և ձեր ընկերության հետ հնարավոր համագործակցությունը ևս հետաքրքիր է մեզ համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հոմեյդ Ալ Շիմմարին ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները, նշել, որ «Mubadala Investment»-ը աշխարհի ավելի քան 50 երկրներում տարբեր ոլորտներում կայուն և եկամտաբեր ներդրումներ է կատարում՝ նպատակ ունենալով նպաստել ինտեգրված և դիվերսիֆիկացված միջազգային տնտեսության զարգացմանը: «Մենք լավ տպավորություն ունենք Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտից և հետաքրքրված ենք համագործակցությամբ, մասնավորապես, վենչուրային ֆոնդերի ձևավորման ոլորտում», - ասել է «Mubadala Investment» ընկերության ներկայացուցիչը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՏՏ ոլորտում գործընկերության հնարավորությունների մասին:

Վարչապետի հաջորդ հանդիպումը WCIT 2019 մասնակից, «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ հայազգի Քեթրին Սարաֆյանի հետ էր: «Pixar Animation Studios»-ը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղակայված ամերիկյան կինոստուդիա է, որը գործունեություն է ծավալում համակարգչային անիմացիայի ոլորտում:

Ողջունելով Քեթրին Սարաֆյանի մասնակցությունը WCIT 2019-ին՝ վարչապետը նշել է. «Մեր նպատակը տեխնոլոգիական ոլորտը տնտեսության շարժիչ ուժ դարձնելն է, և ձեր ընկերության հետ հնարավոր համագործակցությունը մեզ համար օգտակար կլինի: Հուսով եմ՝ Դուք կգտնեք մեր երկրում ՏՏ ոլորտում որոշակի գործունեություն ծավալելու համար հետաքրքիր հարթակներ: Ուրախ կլինենք տեսնել Ձեզ Հայաստանում ոչ միայն որպես «Pixar Animation Studios» ընկերության ներկայացուցիչ, այլև որպես մեր հայրենակից, ում ձեռքբերումներով մենք հպարտանում ենք»։

«Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանը նշել է, որ ուրախ է արդեն 5-րդ անգամ գտնվել Հայաստանում, որտեղ վերջին անգամ եղել է 2011-ին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանում ՏՏ գործիքները և ձեռնարկությունները տպավորիչ զարգացում են արձանագրել, ինչը խոսում է մեր երկրում տեխնոլոգիական ոլորտի առաջընթացի մասին:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև WCIT 2019 մասնակից, «VWmare» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամիի հետ:

«Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում՝ այս կարևոր համաժողովին: Շատ ուրախ եմ, որ ի դեմս «VWmare» ընկերության հայաստանյան գրասենյակի՝ հուսալի գործընկերներ ունեք, և մենք հպարտ ենք մեր հայրենակիցների համար, որոնք նման արդյունավետ համագործակցություն են ձևավորել Հայաստանի և Ձեր ընկերության միջև: Ակնկալում ենք Ձեր ընկերության հետագա հաջողությունները մեր երկրում: Մեր կառավարությունը ներդնում է առավելագույն ջանքերը՝ տեխնոլոգիական բնավագառը մեր երկրում առաջ մղելու համար: Կարևորագույն քայլերից է ՏՏ ոլորտի ձեռնարկությունների համար եկամտային հարկի կրճատումը, որի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2020 թ. հունվարի 1-ից», - ողջունելով հյուրին՝ նշել է հանրապետության վարչապետը:

«VWmare» ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ 2010 թվականին, երբ «VWmare»-ը նոր է սկսել գործունեությունը Հայաստանում, ունեցել է 16 աշխատակից, իսկ այսօր աշխատակիցների թիվը հասնում է 200-ի: Սա, Ռաջիվ Ռամասվամիի խոսքով, վկայում է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի մեծ ներուժի, տաղանդավոր մասնագետների և այս ճյուղի դինամիկ զարգացման մասին: «Մենք շատ ուրախ ենք ներդրումներ կատարել մարդկային տաղանդների ոլորտում, ինչը Հայաստանում առկա է: Միայն մեկ խնդրանք ունենք Ձեզ՝ ավելացրեք տաղանդների թիվը, ներդրում կատարեք տեխնոլոգիական կրթության ոլորտում», - ասել է «VWmare» ընկերության գործադիր տնօրենը:

Հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև շրջայց է կատարել WCIT 2019 տաղավարներով, ծանոթացել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ներկայացրած արտադրանքին և ծառայություններին