Յուրի Ջորկաեֆ․ Սա նոր դարաշրջան է Հայաստանի ժողովրդի համար

Հայաստանում մեկնարկել է WCIT-2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը: Մասնակիցների թվում է նաև ֆրասնիահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ժորկաեֆը:

Համաժողովի պաշտոնական բացմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ - «Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար: Եվ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական, նորարարական առաջատար երկրներից մեկը աշխարհում, իսկական տեխնոլոգիական կենտրոն»:

Այս տարի համաժողովի թեման է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում տարբեր հայտնի բանախոսներ ներկայացում են, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա:

«Եվ ես հույս ունեմ՝ մեր երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացքում դուք կզգաք այն նոր էներգիան և մթնոլորտը, որ մեր երկիրը համակել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո։ Ուզում եմ ընդգծել, որ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, ինչի արդյունքում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն», - բացման խոսքում ասաց Փաշինյանը:

Դոլարի կանաչ գույնից մինչև գունավոր հեռուսատցույցի գյուտ․ Նիկոլ Փաշինյանը անուն առ անուն հիշեց բոլոր այն հայտնի հայերին, որոնք տեխնիկական հեղափոխություն են իրականացրել աշխարհում՝ ընդգծելով, որ այսօր էլ հայերը աշխարհում նորարաւրության ոլորտում լրջագույն հաջողությունների են հասնում:

Հայաստանը դառնալու է տեխնոլոգիակական կարևոր կենտորններից մեկը աշխարհում․ Փաշինյանի այս հայտարարությունը գործով ապացուցում են արդեն երիտասարդները՝ տաղավարներում ցուցադրելով իրենց գյուտերը:​

Պաշտոնյաները հավատում են, որ նման միջոցառումը նաև ներդումների հոսք կապահովի։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով, միջոցառումն ամփոփելուց հետո հստակ պատկեր կկազմվի, այսօր կարելի է միայն եզրակացնել, որ կրթական առաջատար բրենդների համար հարթակ է ստեղծվել․ - «Հատուկ նախարարությունը ստեղծել է էս հարթակը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան կապեր հաստատելու առաջադեմ կազմակերպությունների հետ, որոնք այսօր այցելել են WCIT համաժողովը»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պնդմամբ, կարևորագույնը, որ կարելի է քաղել այս միջոցառումից, կապերն են․ - «Մենք մեր տնային աշխատանքը բավականին ճիշտ և գրագետ իրականացնում ենք: Կարծում եմ նաև, որ ոլորտը, որն ունի այս հնարավորությունը այդ կապերը ստեղծելու, այդ կապերը օգտագործելու, պետք է այդ հնարավորությունը բաց չթողնի»:

Երևանյան համաժողովը, որի մեկնարկը տրվեց երեկ Հանրապետության հրապարակում կազմակերպված դասական և տեխնո համերգներով, կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը։ Համաժողովն ունի ավելի քան 2 հազար մասնակից 70 երկրից։

Այստեղ են նաև հայտնի աստղեր, մասնավորապես Քիմ Քարդաշյանը, որը վաղը ելույթ կունենա, ամերիկահայ երգիչ Սերժ թանկյանը, ֆրասնիահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ժորկաեֆը։

«Ազատության» հետ զրույցում աշխարհահռչակ ֆուտբոլիստն ասաց, որ դեռ 5 տարի առաջ չէր կարող մտածել, որ Հայաստանում կարող է այս մասշտաբի միջոցառում լինել․ - «Շատ տպավորված եմ։ 4 ամիս առաջ խոսել եմ Բարձրագույն տեխնոլոգիաների համար պատասխանատու նախարարի հետ, և այդ ժամանակ նա ինձ ասաց, թե ինչ է տեղի ունենում այսօր Հայաստանում: Նա ասաց, որ մարդիկ միայն այսօրվա մասին չեն մտածում, այլ նաև վաղվա և փաստորեն նրանք դա արեցին, արեցին շատ կարճ ժամանակահատվածում: Զգում ես մարդկան էներգիան, սա միասնական մի բան է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ»:

«Հայաստանն այս օրերին լինելու է աշխարհի տեխնոլոգիական կենտրոնը», - իր խոսքում ընդգծեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ հավելելով, որ այս պահին հասնելու ճանապարհը բարդ է եղել։

WCIT-ի 40-ամյա պատմության ընթացքում համաժողովն առաջին անգամ տեղի է ունենում այնպիսի փոքր երկրում, այդուհանդերձ ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուի խոսքով, Հայաստանի ոքր լինելը ամենևին չի զգացվում, քանի որ մարդիկ այստեղ շատ պայծառ են և շատ տաղանդավոր։