WCIT նվագախումբն ազդադարեց Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի մեկնարկը

Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված աննախադեպ համերգով րոպեներ առաջ տրվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) մեկնարկը:

Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից:

Համերգի ընթացքում WCIT նվագախումբը հանպատրաստից կկատարի հընթացս արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտությունը:

Հրապարակում ընթացող համերգային երեկոյին ելույթ կունենա նաև աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:

Հանրապետության Հրապարակում ընթացող համերգին ներկա են WCIT-2019 համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերն ու բարձրաստիճան պաշտոնյաներ։

Արդեն հոկտեմբերի 7-ին՝ WCIT 2019-ին բացման ելույթներով հանդես կգան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը: Այս տարի WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2 հազար մասնակից՝ 70 երկրից։ Հայաստանի կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար:

Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը: