Հակոբ Արշակյանը և նրա հրավերով Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերը մասնակցել են «Դիջիթեք Էքսպո 2019»-ի բացմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկին՝ հոբելյանական 15-րդ «Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդեսի բացման արարողությանը։

ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիսավոր արարողությանը ներկա են եղել տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Պատվավոր հյուրերի թվում են եղել «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին և «Մուբադալա» ներդրումային ֆոնդի փոխնախագահն ու փոխգործադիր տնօրենը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ԴիջիԹեքի ավանդական պլատինե հովանավոր «Ucom» ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ողջունել են ցուցահանդեսի մասնակիցներին։

Նախարար Հակոբ Արշակյանն իր խոսքում բարձր է գնահատել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության դերը«Դիջիթեք Էքսպո»-ի կազմակերպման և անցկացման գործում։ Նա նշել է, որ մեծ ջանքերի և աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանում ամենամյա նման միջոցառում կա, որը պետք է տարեցտարի ավելի զարգացնել, ընդլայնել և ավելացնել աջակցությունը։

Հակոբ Արշակյանը հատկանշական է համարել, որ «Դիջիթեք Էքսպո»-ին զուգահեռ մեկնարկում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որի հարյուրավոր հյուրերը տասնյակ երկրներից, այդ թվում նաև՝ պաշտոնական պատվիրակությունները, այցելելու են «Դիջիթեք» ցուցահանդեսին: Նախարարը նշել է, որ սա մեծ հնարավորություն է՝ ներկայացնելու հայկական արտադրանքը և մեր ծառայություններով ու պրոդուկտներով դուրս գալ տարածաշրջան։

Նախարարը նաև ընդգծել է, որ Մուբադալա ֆոնդը, որն Աբու Դաբիի պետական, պաշտոնական ֆոնդն է՝ շուրջ 200 միլիարդ ակտիվներով, մեծ հնարավորություն է տեսնում ներդրումներ կատարելու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում։

Բացման հանդիսությունից հետո բարձրաստիճան հյուրերը շրջել են ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել մասնակից ընկերությունների գործունեությանը, արտադրանքին և ծառայություններին։ Ցուցահանդեսն այս տարի յուրահատուկ է նրանով, որ տաղավարներ են հատկացվել նորաստեղծ ստարտափ, ինժեներական և ռազմարդյունաբերական ընկերություններին։ «Դիջիթեք Էքսպո 2019»-ին առանձին տաղավարով հանդես է գալիս նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Ցուցահանդեսի շրջանակներում ստորագրվել է փոխադարձ գործունեության պայմանագիր, որով «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների մեթոդաբանությունն ու ուսումնական մոդելը՝ որպես պիլոտային ծրագիր, կարտահանվի Հնդկաստանի 2 դպրոցներում:

«ԴիջիԹեքն» իրականացվում է արդեն 15-րդ տարին անընդմեջ ԱՏՁՄ-ի կողմից` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: