Ֆրենկ Փալոնը խոստացել է «Google»-ի և «PayPal»-ի հետ քննարկել Հայաստանին առնչվող խնդիրները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսական, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին։

Հակոբ Արշակյանը Ֆրենկ Փալոնի հետ խոսել է նաև նախարարության ծրագրերի և առաջնահերթությունների, ինչպես նաև վերջերս ԱՄՆ կատարած այցի որոշ մանրամասների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

Ֆրենկ Փալոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և հանգամանալից ներկայացման համար, նշել է, որ քաջատեղյակ է հայերի տեխնոլոգիական ներուժի և տաղանդի մասին: Լինելով ԱՄՆ կոնգրեսի էներգիայի և առևտրի կոմիտեի նախագահը, որտեղ քննարկվում են ինտերնետին, կապի տեխնոլոգիաներին առնչվող հարցեր, կարևորել է երկկողմ հանդիպումը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ:

Կոնգրեսականը առաջարկել է ներկայացնել տեղեկատվություն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք նախարարությանը կհետաքրքրի երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտի համագործակցությունն առաջ մղելու համար։

Հակոբ Արշակյանն անդրադարձել է ԱՄՆ տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության համակարգում Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերացման հնարավորությանը՝ հաշվի առնելով ամերիկյան մի շարք ընկերությունների առկայությունը Հայաստանում, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները։

Նախարարը Ֆրենկ Փալոնին է ներկայացրել նաև «Google maps»-ի անճշտությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տարածքում, «Youtube»-ի որոշ ֆունկցիաների անհասանելիությանը, «Paypal»-ի՝ Հայաստանում լիարժեք կիրառելիությանն առնչվող մի շարք հարցեր՝ հաշվի առնելով, որ կոնգրեսականը ի պաշտոնե ինտենսիվ շփումներ ունի նշված կորպորացիաների ղեկավարության հետ:

Ամերիկացի կոնգրեսականը խոստացել է աջակցել բարձրացված խնդիրների շուրջ և քննարկել առաջադրված հարցերը «Google» և «PayPal» ընկերությունների հետ: