Յակուտիայում հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ աջակցություն հայտնելու համերկրացի շաման Ալեքսանդր Գաբիշևին, ով ամիսներ առաջ ոտքով ճանապարհ էր ընկել դեպի Մոսկվա՝ նախագահ Պուտինին «Կրեմլից քշելու համար»:
Ցուցարարները հայտարարել են, թե համաձայն չեն վերջինիս դեմ հարուցված քրեական գործին ու իրավապահների անցկացրած բժշկական փորձաքննությանը, ըստ որի Գաբիշևը ճանաչվել է անմեղսունակ և ուղարկվել հոգեբուժարան:
«Մենք բոլորս շաման ենք», «Ոչ պատժիչ բժշկությանը», հայտարարել են ցույցի մասնակիցները՝ կոչ անելով իշխանություններին անհապաղ ազատ արձակել շամանին:
Վերջինս ձերբակալվել է երկու շաբաթ առաջ, նրա դեմ իրավապահները քրեական գործ են հարուցել՝ ծայրահեղականության հոդվածով:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Գաբիշևին ճանաչել է խղճի բանտարկյալ՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրան: