Էրդողանը սպառնում է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում

Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում, արխիվ

Թուրքիայի նախագահը սպառնացել է այսօր կամ վաղը զինված ուժերն ուղարկել Սիրիայի հյուսիս և ռազմական գործողություններ սկսել Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդական ուժերի դեմ: «Դա այլևս անխուսափելի է», - հայտարարել է Էրդողանը, ընդգծելով՝ հարձակումները կլինեն օդից և ցամաքից:

«Մենք ավարտել ենք նախապատրաստական աշխատանքներն ու տվել համապատասխան հրամանները, ժամանակն է ճանապարհ բացել խաղաղության համար, լվանալ Եփրատի արևելյան ափերը խաղաղության ջրերով և մաքրել այդ տարածքը՝ փախստականներին տեղակայելու համար», - նշել է Էրդողանը:

Ելույթ ունենալով իշխող կուսակցության համաժողովում՝ Թուրքիայի նախագահը միաժամանակ հորդորել է ՆԱՏՕ-ին ու Միացյալ Նահանգներին կողմնորոշվել՝ ինչ դիրքորոշում են նրանք որդեգրելու այս հարցում:

Անկարան ահաբեկչական է որակում Սիրիայի հյուսիսում հաստատված քրդական խմբավորումները, Միացյալ Նահանգները, մինչդեռ, տարիներ շարունակ համագործակցում էր նրանց հետ՝ Իսլամական պետության դեմ պայքարում:

Ավելի վաղ Վաշինգտոնը հորդորել էր Անկարային «միակողմանի քայլերի չգնալ»: Քրդական դեմոկրատական ուժերն, իրենց հերթին, այսօր հայտարարել են, թե «պատրաստ են հակազդել թուրքական կողմի ցանկացած սադրիչ հարձակման»: