Իրաքում հակակառավարական բողոքի ալիքը տարածվել է ողջ երկրով մեկ, վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 93-ի, ավելի քան 4000-ը վիրավոր են:
«Ռոյթերզ»-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ Բաղդադում ոստիկանության դիպուկահարները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, առնվազն մեկ մարդ գլխից հրազենային վիրավորում է ստացել, ապա՝ մահացել հիվանդանոցում:
Համաժողովրդական ցույցերը սկսվել են շաբաթասկզբին, տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ իշխանություններից պահանջելով պայքարել կոռուպցիայի դեմ, աշխատատեղեր ստեղծել, բարելավել ջրի որակն ու էլեկտրաէներգայի մատակարարումները:
Նախօրեին երկրի հոգևոր առաջնորդներից մեկը կոչ էր արել կառավարությանը հրաժարական տալ և արտահերթ ընտրություններ անցկացնել՝ ՄԱԿ-ի վերահսկողության տակ: Վարչապետ Աբդել Աբդուլ Մահդին երեկ ընդունել էր կոռուպցիային վերջ տալու՝ ցուցարարների պահանջը, խոստացել բարեփոխումներ իրականացնել, միաժամանակ կոչ արել իրաքցիներին զսպվածություն ցուցաբերել և երկիրը չվերածել քաոսի: