3-րդ կարգի վթարային Նազարբեկյան 48 շենքը տանիք կունենա․ Աջափնյակի թաղապետ

Ճաղավանդակի մի կողմում բարեկարգ Վահագնի թաղամասն է, մյուսում՝ առանց տանիքի, առանց վերելակի, անբարեկարգ ու 3-րդ աստիճանի վթարային Նազարբեկյան 48 շենքը։

Բնակիչները վերելակ ու տանիք են ուզում. «Անձրևը գալիս ա էրեխեքիս գլխին, ձյունը գալիս ա մինչև դռան դեմը, մինչև տան մեջ»։

Տիկին Անահիտ Սիմոնյանը ընտանիքի հետ Նազարբեկյան 48-ի նախավերջին հարկում է ապրում։

«Էս տան մեջ ապրում են 8 անձ ու էս վիճակով, պատկերացրեք, որ էդ էրեխեքը ի՞նչ են հասկանում, իրանց գունավոր աշխարհից՝ սև մութ ամպեր», - ասաց Անահիտ Սիմոնյանը։

Սիմոնյանն ասում է՝ թոռներն արդեն հիվանդություններ ունեն։

Առանց տանիք շենքի պատմությունն այսպիսին է՝ Խորհրդային Միության փլուզումից հետո շինարարությունը կիսատ է մնացել և այդպես էլ չի շարունակվել, բազմաթիվ քաղաքացիներ՝ իմանալով, որ դատարկ կիսակառույց է, եկել ու բնակություն են հաստատել, այսպես է շենքում հայտնել ամենահին բնակիչը՝ Գոհարիկ Կոստանյանը։

Կոստանյանի բարեկամներից մեկն իրեն բնակարան է հատկացրել շենքում, բայց նա տնավորվել է այլ բնակարանում, հետո ուրիշներն են եկել։ Տարիների ընթացքում բնակիչները սեփականաշնորհել են բնակարանները, սակայն պետությունը նրանց առջև մեկ պայման է դրել՝ ստանձնել շենքի կիսատ թողած շինարարական աշխատանքների կատարումը։

Տիկին Գոհարիկը խոսելով պետության առաջ քաշած այդ պայմանի մասին՝ նշեց. «Մենք շենքը պիտի սարքեինք, մենք կազմակերպություն էինք, եկել էինք շենքը սարքելու, սոված ժողովուրդը, որ բոլորը սոցապ նախարարի բանը ունեն, որ սոցիալապես անապահով մարդիկ են ու բոլորը փարոսակիր»։

Այս շենքի հարցերով տարիներ շարունակ զբաղվող Կոստանյանի խոսքով՝ իրենց ասել են՝ եթե այդ պայմանն իրենց չի բավարարում, պանելից էլ են զրկվում։

Կոստանյանն ասում է՝ իրենց խնդրի մասին բարձրաձայնել են թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների օրոք, սակայն սայլը տեղից չի շարժվում, այդուհանդերձ թավշյա հեղափոխությունից հետո մեծ հույսեր ունեն։

Կիսակառույցի բնակիչները էլեկտրականություն ու կոյուղի չեն ունեցել, ամեն ինչ արել են իրենց միջոցներով, շենքի աստիճանավանդակներին մինչև վերջերս նույնիսկ բազրիք չի եղել, դա էլ են բնակիչներն արել՝ վախենալով, որ մի օր դժբախտ պատահար կլինի։ Բազմաթիվ խնդիրներ ունեցող շենքն այժմ ամրակցված է Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Աջափնյակի թաղապետ Գևորգ Բաբայանը չգիտի, թե նախկին քաղաքային իշխանությունն ինչու շենքի խնդիրները չի լուծել, նա վստահեցնում է՝ իրենք իշխանությունը ստանձնելուն պես փորձել են գտնել դրանց լուծման բանալին։ Սկզբում որոշել էին շենքի 9-րդ հարկը կառուցել ու բնակելի դարձնել, սակայն Արտակարգ իրավիճակների նախարարության 9-րդ հարկը բնակելի դարձնելու վտանգների մասին պնդումներից հետո հրաժարվել են այդ մտքից։ Հիմա էլ նոր նախագիծ են մշակել՝ 9-րդ հարկն ամբողջության կապամոնտաժվի։

Թաղապետը ժամկետների մասին էլ է խոսում. «Եթե եղանակային պայմանները թույլ տան, գուցե և այս տարի կարողանանք կատարել այդ աշխատանքները, եթե ոչ` 2020 թվականի ընթացքում»։