ՀՀ կառավարության աջակցությամբ Երևանում հոկտեմբերի 6-9-ը կանցկացվի «WCIT-2019» Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը, որը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Ալեքսանդր Եսայանը շեշտեց, որ համաժողովի նախապատրաստական, կազմակերպչական աշխատանքներում 7 ամիս ներգրավված են եղել շուրջ 300 հոգի, և առաջիկա օրերը հագեցած են լինելու չափազանց հետաքրքիր հանդիպումներով ու քննարկումներով:
Հայաստանը կընդունի համաժողովի 2500 պատվիրակների 100 երկրներից․ - «Մեզ են միացել աշխարհի տարբեր երկրներից IT ոլորտում առաջատար ընկերությունների ղեկավարներ, որոնք ընդհանուր խոսելու են գլոբալ շուկայից՝ ինչպես է IT-ն զարգանում համայն աշխարհում: Եվ իհարկե, շատ կարևոր է, որ այս ամեն ինչը տեղի է ունենում Հայաստանում»:
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովի բացման օրը՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկայանա համերգ, որին մասնակցում են ավելի քան 70 երաժիշտ բոլոր այն 15 երկրներից, որտեղ նախկինում անցկացվել է համաժողովը:
Համերգային հրաշալի ծրագիր է նախապատրաստված և ամենաուշագրավը՝ այդ օրը հավաքական այս նվագախումբը հանպատրաստից կկատարի նաև արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտությունը:
Այսօր նվագախմբի փորձից հետո Ալեքսանդր Եսայանն ասաց․ - «Կարծում եմ, սա ինքնին նորարարություն է ընդհանուր IT շուկայում, որ առաջին անգամ նման երաժշտություն է գեներացվում, և դա օնլայն ռեժիմում նվագում է նվագախումբը: Փորձելու ենք սրանով նաև աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը նորարարական երկիր է, և մեզ մոտ այն ընկերությունները, այն պոտենցիալը IT շուկայում, որ կա, փորձում ենք արվեստով դա աշխարհին ցուցադրել: Սա լինելու է հիմնական մեսիջը ամբողջ աշխարհին»:
Ի դեպ, համաժողովի օրերին համահավաք նվագախմբով հանդես գալու մտահղացումը Սերգեյ Սմբատյանինն է:
«IT-ն մեր կյանքը փոխում է, և այն ծրագիրը, մոդելը, կոնտենտը, որ մենք աշխարհին ուղարկելու ենք Հայաստանից, որ ունենք արհեստական տաղանդ ձևաչափ: Դա կլինի հենց այդ համերգին: Դուք նաև լսեցիք, որ արհեստական բանականությունը գրում է, մոդելավորում է հայկական երաժշտություն: Հայաստանը հանդիսանում է այն երկիրը, որը ունի շատ հստակ պատկերացում, ունի արդեն շատ մեծ հաջողություն արհեստական բանականության կոնցեպտի մեջ, որը ուղղված է դեպի ավելի շատ արվեստ: Շատ կարևորում եմ, որ WCIT-ն որոշեց, որ հենց Հայաստանում այդպես պետք է լինի՝ արվեստով պետք է սկսվի: Երբեք դա չի եղել: Քանի որ WCIT-ն այսօր ամենապոպուլյար թեմաներից է աշխարհում, մենք ներկայացրել են ֆորմատ, որ նվագախումբը դուրս է գալիս բեմ՝ առանց իմանալու, թե ինչ է նվագելու»:
Հավելենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը հիմնադրվել է 1978 թվականին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից: Համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: