Վլադիմիր Գասպարյանի եղբոր գործով նախաքննությունն ավարտվել է

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Կարեն Գասպարյանը մեղադրվում է անցած տարի Վարդավառի օրը Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Ավետիք Սարգսյանի նկատմամբ սպանության սպառնալիքների համար՝ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

«Ազատության» հետ զրույցում Կարեն Գասպարյանը հայտարարել էր, որ մեղադրանքը չի ընդունում, այլ մանրամասներ չէր հայտնել։

Մեղադրանքի համաձայն, 2018 թվականի հուլիսի 8-ին Կարեն Գասպարյանի և Կոտայքի մարզի բնակիչ Ավետիք Սարգսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել վերջինիս դստեր կողմից Գասպարյանի ավտոմեքենան Վարդավառի տոնի կապակցությամբ ջրելու հարցի շուրջ: Պարզաբանումների և հաշտվելու պատրվակով նույն օրը Կարեն Գասպարյանը Ավետիք Սարգսյանին հրավիրել է Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց, որտեղ որդու, վերջինիս ընկերների և ուրիշների ներկայությամբ Ավետիք Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հայհոյելու համար, սակայն վերջինս հրաժարվել է կատարել այդ պահանջը: Իրեն հայհոյելու համար Սարգսյանից վրեժ լուծելու նպատակով Գասպարյանը իր ավտոմեքենայում գտնվող հրազենով նրան սպանելու սպառնալիքներ է հնչեցրել: Արդյունքում Ավետիք Սարգսյանը տեղի է տվել Կարեն Գասպարյանի նվաստացնող պահանջին և ծնկի գալով ներողություն խնդրել նրանից:

Նախաքննական մարմինը հաղորդում է, որ Կարեն Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: