Իրաքի վարչապետը հայտարարել է, որ ցուցարարները ճիշտ են կոռուպցիային վերջ տալու իրենց պահանջում, սակայն դատապարտել է վերջին բախումները, որոնք ավելի քան երեք տասնյակ մարդու մահվան պատճառ են դարձել։
Այսօր առավոտյան իր հեռուստատեսային ելույթում Ադիլ Աբդուլ Մահդին դիմել է քաղաքացիներին՝ ասելով․ - «Ձեր պահանջները բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հասել են մեզ»:
Նա կոչ է արել քաղաքացիների թույլ չտալ, որպեսզի խաղաղ ցույցերը քաոսի վերածվեն։
Իրաքում զանգվածային ցույցերը շարունակվում են արդեն մի քանի օր։ Մարդիկ իրենց վրդովմունքն են արտահայտում կոռուպցիայի և գործազրկության, ցածրորակ հանրային ծառայությունների, այդ թվում՝ ջրի և հոսանքի մատակարարման հաճախակի անջատումների դեմ։
Ցուցարարները, չենթարկվելով պարետային ժամի պահանջին, դուրս են գալիս փողոց, իսկ ոստիկաններն արցունքաբեր գազ և նույնիսկ հրազեն են կիրառում։
Amnesty International-ը և ՄԱԿ-ը զսպվածության կոչ են արել։