Անջատական շրջաններում՝ ընտրություններ Ուկրաինայի օրենքով
Ռուս-ուկրաինական հարաբերություններում արձանագրվել է լուրջ տեղաշարժ՝ եռակողմ շփման խումբը Մինսկում համաձայնեցրել է «Շտայնմայերի բանաձևը»:
Փաստաթուղթը, որին տրվել է Գերմանիայի նախկին նախագահ, ներկայումս արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի անունը, ենթադրում է Դոնբասի և Լուգանսկի շրջանների հատուկ կարգավիճակ Ուկրաինայի կազմում:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ ընդգծել է, որ հետայսու զենքն ու ընտրություններն անհամատեղելի են:
«Մենք չենք խոսում այդ ընտրությունների կառուցվածքի մասին, բայց պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք Դոնբասի տարածքում ընտրություններ, դրանք պետք է անցկացվեն Ուկրաինայի օրենքներին համապատասխան, ուրեմն չպետք է լինեն գնդացիրներ այնտեղ և Ռուսաստանի հետ սահմանին, որը մերը կլինի», - ասել է Զելենսկին:
Դոնբասի և Լուգանսկի շրջանները գտնվում են Մոսկվայի աջակցությամբ գործող ռուս անջատականների հսկողության տակ:
Ընտրությունները երկու անջատական տարածքներում պետք է վերահսկվեն ԵԱՀԿ-ի կողմից, դա համաձայնության պարտադիր պահանջն է:
«Շտայնմայերի բանաձևը» Դոնբասի և Լուգանսկի բնակիչներին ընձեռելու է ուկրաինական օրենսդրությամբ տեղական ընտրություններ անցկացնելու հնարավորություն:
Ոչ մի ընտրություն գնդացրի փողի ներքո
«Սա նշանակում է, հարգելի լրագրողներ և լսարան, որ այլևս չեն լինի ընտրություններ գնդացիրների փողի ներքո», - ասել է Զելենսկին:
Կիևի փոխանցմամբ՝ «Շտայնմայերի բանաձևը» կաշխատի երկու պայմանով. առաջին՝ զինված բոլոր ստորաբաժանումները պետք է հեռացվեն Դոնբասից և Լուգանսկից, երկրորդ՝ Ուկրաինան պետք է լիակատար հսկողության տակ վերցնի Ռուսաստանի հետ երկու տարածքների միացյալ 400-կիլոմետրանոց սահմանը:
Ուկրաինայի ազգայնականներն արդեն դավաճանություն են անվանել «Շտայնմայերի բանաձևի» համաձայնեցումը:
«Կապիտուլյացիա Մոսկովիայի առաջ»
«Դա ընդամենը մի թղթի կտոր է, որն Ուկրաինային ստիպում է անձնատուր լինել Մոսկովիայի առաջ, դրանում կա ինչ-որ պարբերություն Մինսկի համաձայնագրով Դոնբասին տրվող այսպես կոչված հատուկ կարգավիճակի մասին, մարդկանց մեծ մասը տեղյակ էլ չէ և չի ճանաչում այդ օրենքը», - ասել է «Ազատություն» ազգայնական կուսակցության ղեկավար Օլեհ Տյահնիբոկը:
Է՛լ ավելի խիստ է «Շտայնմայերի բանաձևի» մասին արտահայտվել «Ազգային կորպուս» աջակողմյան կուսակցության առաջնորդ Ռոդիոն Կուդրյաշովը:
«Խաղաղություն՝ Ռուսաստանի պարտադրած ճանապարհով»
«Ուկրաինայի արևելքում հինգ տարի է պատերազմ է: Ուկրաինացի զինվորները զոհվում են, արյուն են թափում, նրանց օգնության են շտապում կամավորները: Բոլոր համայնքները պայքարում են հանուն Ուկրաինայի ինքնիշխանության և անկախության, և ահա մի օրում այդ ջանքերը հօդս են ցնդում նախագահականի հայտարարությամբ: Հիմա ակնհայտ տեսնում ենք՝ ընտրվում է Ռուսաստանի Դաշնության կողմից թելադրված խաղաղություն հաստատելու ճանապարհը», - ասել է Կուդրյաշովը:
«Ռուսական կեղծիք»
Նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն էլ հայտարարել է, թե «Շտայնմայերի բանաձև» որպես փաստաթուղթ բնության մեջ գոյություն չունի:
«Դա ռուսների հեղինակած կեղծիք է, մինչև երեկ Ուկրաինայի և ոչ մի ներկայացուցիչ՝ գրավոր կամ այլ եղանակով, այսպես կոչված «Շտայնմայերի բանաձևին» հավանություն չի տվել», - ասել է Պորոշենկոն:
Նախագահ ընտրվելու առաջին իսկ օրը Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր համար առաջնահերթ խնդիրը խաղաղության հաստատումն է: