ԵԱՏՄ-ն, որն արդեն 5 տարեկան է, տարեցտարի ուժեղանում է. Նիկոլ Փաշինյան

«ԵԱՏՄ բոլոր օղակների միջև սերտ համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց ընդլայնել Միության համագործակցության աշխարհագրությունը», - այսօր կայացած ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստն անցկացվում է Երևանում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում։

Երևանում՝ Բաղրամյան 26-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևին, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։

Բացելով նեղ կազմով նիստի աշխատանքները՝ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, բարի գալուստ Հայաստան։ Ուրախ եմ ողջունել ձեզ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Հայաստանի համար սա նշանակալի իրադարձություն է։ Մենք ուրախ ենք Երևանում բարձրաստիճան հյուրեր ընդունելու, մեր կազմակերպության բարձրագույն մարմնի նիստն անցկացնելու և դրանով իսկ մեր հերթական ներդրումը մեր ինտեգրացիայի հետագա խորացման գործում ունենալու հնարավորության համար»։

«Մենք մտադիր ենք առավելագույնս արդյունավետ մասնակցություն ունենալ ԵԱՏՄ-ում՝ միաժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության ուղղությամբ», - ասել է Հայաստանի վարչապետը:

«Մինչ օրակարգային հարցերի քննարկումը ցանկանում եմ նշել, որ մեզ համար կրկնակի հաճելի է անցկացնել այսօրվա նիստը, քանի որ այդ նիստին, ինչպես գիտեք, մասնակցելու են երկու երկրների՝ Իրանի և Սինգապուրի ղեկավարները, որոնց հետ մեր Միությունը զարգացնում է առևտրատնտեսական հարաբերություններն ազատ առևտրի ռեժիմի հաստատման ուղղությամբ։ Մեր կազմակերպության բոլոր օղակների միջև սերտ և արդյունավետ համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց էլ ավելի ընդլայնել Միության համագործակցության աշխարհագրությունը, ինչի շնորհիվ այսօրվա հանդիպումն առանձնահատուկ նշանակություն է ստանում։ Մաղթում եմ մեզ բեղմնավոր աշխատանք», - ասել է Փաշինյանը։

Նեղ կազմով նիստի շրջանակում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական ֆորումի ընթացքի և դրա շրջանակում քննարկումների վերաբերյալ, քննարկել ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի վճարների բաշխման կարգավորումներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի գործունեությանը վերաբերող հարցեր։

Ըստ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, այնուհետև կայացել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից բացի, մասնակցել են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Ինձ համար առանձնահատուկ պատիվ է ողջունել բոլորիդ Հայաստանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Մեր կազմակերպությունը, որն արդեն 5 տարեկան է, տարեցտարի ուժեղանում է: Այն արդեն ապացուցել է իր կենսունակությունն ու գրավչությունը՝ որպես միջազգային ինտեգրացիոն միավորում: Եվ ես ցանկանում եմ ուրախությամբ նշել, որ Հայաստանն իր հնարավոր ներդրումն է բերում այս գործում»:

«Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում: Մենք գործադրել ենք բոլոր ջանքերը՝ այս պատասխանատու գործառույթն արդյունավետ իրականացնելու համար: Եվ այսօրվա նիստը, որին, բացի Միության անդամ երկրներից, մասնակցում են նաև Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի ղեկավարները, մեր նախագահության յուրատեսակ գագաթնակետ է դարձել», - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի բոլոր անդամների անունից ողջունել է Մոլդովայի, Իրանի նախագահներին և Սինգապուրի վարչապետին։

«Ուրախ եմ նաև նշել, որ նիստի շրջանակում առաջին անգամ անցկացվում է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» թեմայով միջազգային համաժողով: Վստահ եմ, որ այս իրադարձությունը կծառայի որպես արդյունավետ հարթակ՝ առևտրատնտեսական կապերն ամրապնդելու և եվրասիական տարածքում լոգիստիկ սխեմաներ մշակելու ուղիներ քննարկելու համար» - նշել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նաև անդրադարձել է, իր կարծիքով, համագործակցության հետագա խթանման և դրա արդյունավետության բարձրացման համար կարևոր հարցերի:

«Դրանց թվին են պատկանում, օրինակ, ԵԱՏՄ շրջանակում աշխատուժի ազատ տեղաշարժի համար առկա արգելքները վերացնելուն ուղղված միջոցները, որոնք խոչընդոտում են աշխատուժի միասնական շուկայի ձևավորմանը: Էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը հնարավոր մատակարարների՝ էլեկտրոնային ձևաչափով գնումներին անխոչընդոտ մասնակցությունն ապահովելու համար նույնպես առանձնահատուկ ուշադրություն պահանջող առաջնահերթ հարցերից է, և անհրաժեշտ է բոլորիս համար ընդունելի լուծում գտնել», - ասել է նա:

Փաշինյանը նաև ասել է, որ անհրաժեշտ են համարում ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների անցման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. «Չնայած դրական դինամիկային՝ կան ոլորտներ, մասնավորապես, գազի շուկան, որտեղ ԵԱՏՄ երկրների ապրանքներն ավանդաբար առաջարկվում են Միության անդամ չհանդիսացող երկրների ազգային արժույթով, և, հետևաբար, ազգային արժույթներով փոխգործակցության համար դաշտի առավելագույն ընդլայնումը պետք է լինի մեր առաջնահերթությունների շարքում»:

«Այսօրվա հանդիպման օրակարգում ներառված է Միասնական ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգի հարցը: Սա ինքնին արդեն լուրջ քայլ է ընդհանուր ֆինանսական տարածքի ձևավորման ուղղությամբ, ինչպես նաև նախադրյալ է ԵԱՏՄ-ի ժամանակակից վճարահաշվարկային համակարգի կառուցման և ազգային արժույթներով հաշվարկների անցնելուն բարենպաստ պայմաններ ստեղծելու համար», - նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչապետը նշել է, որ այս ամիս ուժի մեջ են մտնում Իրանի և Չինաստանի հետ համաձայնագրերը: Դրանց հետագա իրականացումը մեզ համար առաջնային է` երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության իրական ընդլայնման համատեքստում:

«Օգտվելով նրանից, որ այստեղ ներկա է հարգելի պարոն Ռոհանին, ես ցանկանում եմ վստահություն հայտնել, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը կծառայի որպես կատալիզատոր մեր փոխադարձ առևտրի հետագա զարգացման համար: Դա դրական կազդի մեր երկրների տնտեսական վիճակի վրա՝ հավելյալ արժեքի նոր շղթաների լրացնման և ստեղծման հաշվին: Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ Սինգապուրի հետ բանակցություններն ավարտվել են: Այսօր կստորագրվի ԵԱՏՄ-ի, նրա անդամ երկրների և Սինգապուրի Հանրապետության միջև Ազատ առևտրի մասին համաձայնագիրը:

Օգտվելով այն փաստից, որ այստեղ ներկա է հարգելի պարոն Լի Սյեն Լունը, ցանկանում եմ վստահություն հայտնել, որ սույն պայմանագրի իրականացումը բարենպաստ միջավայր կստեղծի փոխշահավետ առևտրային հարաբերությունների ընդլայնման, բիզնեսի ծախսերի իջեցման և համագործակցության տնտեսական արդյունավետության բարձրացման համար:

Ուրախ եմ նշել, որ Սերբիայի հետ բանակցություններն ավարտվել են, և շուտով նախատեսվում է ստորագրել համապատասխան համաձայնագիր ազատ առևտրի մասին:

Մենք նպատակ ունենք արդյունավետ ավարտին հասցնենք նաև Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ բանակցությունները, ինչն առավելություններ կընձեռի մեր միավորմանը, այդ թվում՝ դարձնելով այն նաև ներդրումների ներգրավման կենտրոն»:

Նիստում քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների միջև ֆինանսատնտեսական, մաքսային ոլորտներում փոխգործակցության զարգացման, ԵԱՏՄ միջազգային համագործակցության խորացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Ի գիտություն է ընդունվել ԵԱՏՄ 2018 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, քննարկվել է Միության 2020 թվականի բյուջեն։ Քննարկվել են ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, ԵԱՏՄ 2020 թ. միջազգային գործունեության հիմնական ուղղությունները, Միության անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման հարցը, հաստատվել են ԵԱՏՄ անդամ պետությունների՝ Միության բյուջեում բաժնեմասերի վճարումները կատարելու մասով պարտքերի մարման կարգը, ԵԱՏՄ դատարան դիմելու ժամանակ տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքի չափը։

Նիստում ստորագրվել են մի շարք աշխատանքային փաստաթղթեր՝ մասնավորապես, ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի կանոնակարգում, Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի 2014 թ. համապատասխան որոշման մեջ, ԵԱՏՄ՝ 2014 թ. մայիսի 29-ին պայմանագրում, ԵԱՏՀ աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և այլն:

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները որոշում են ընդունել՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում: