«Գյուղապետարանում թույլ չտվեցին մեզ, արձանագրություն չկազմեցին: Մենք էլ իրավունք ունենք ամեն տեղ, ապահով մի տեղ նիստը կայացնելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց ավագանում անդամներից Գեղամ Մեսրոպյանը:
Մեկ այլ անդամ՝ Էդուարդ Չոբանյանը ներկայացնում է բացօթյա նիստի մանրամասները․ - «Օրակարգը ընթերցել ենք, քննարկել ենք մանրամասները և եկել են այն եզրակացության, որ պետք է քվեարկություն կատարենք: Ավագանում չորս անդամները քվեարկել են կողմ համայնքի արդեն նախկին ղեկավարի լիազորությունները դադարելու: Մյուսը հրաժարվել է ստորագրել՝ պատճառաբանելով, թե չի ուզում թշնամի դառնալ»:
Արարատի մարզպետարանի բակում հավաքված նորաշենցիները պնդում են, որ ավագանին 5 հոգով լուծել է համայնքի ղեկավարի հեռացման հարցը, ճիշտ է 5-րդ չի քվեարկել, բայց նիստի լեգիտիմությունն ապահովված է:
«Այդ հինգերորդը իմ եղբայրն է, որը երեկ մարզպետի կաբինետում հայտարարեց, որ չի եղել նման նիստ, և ես այդտեղ չեմ մասնակցել: Եղել է ընդամենը խոսակցություն, որը իրենք ստոր ձևով փորձում են ներկայացնել որպես նիստ», - ասում է լիազորությունները կորցրած արդեն նախկին գյուղապետի համախոհներից Վարդան Մինասյանը:
Նիստ է եղել, թե զրույց՝ փաստն այն է, որ Արարատի մարզպետը սա համարել է նիստ, Տարածքային կառավարման նախարարությունից ստացել հանձնարարություն Նորաշենում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել:
Մարզպետ Գարիկ Սարգսյանը ավագանու անդամներից Արտակ Հարությունյանին նշանակել է պաշտոնակատար ու երկու օր է գյուղը երկու մասի է բաժանված:
Առավոտից պաշտոնակատարի համախոհները բակում են, լիազորությունները կորցրած նախկինի համախոհները՝ մարզպետի ընդունարանի մոտ: Առաջինները մի պահ ցանկացել են վերև բարձրանալ, քաշքշուկի հետևանքով պաշտոնակատարը բերման է ենթարկվել:
Արդեն նախկին գյուղապետն էլ երեկ շատ ակտիվ բողոքում էր, թե իր հեռացման հիմքերն ապօրինի են, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, մարզպետ Գարիկ Սարգսյանը վրեժ է լուծում, քանի որ վերջին ընտրություններում իրեն չի սատարել: Գրիգորյանը սակայն այսօր բողոքողների շարքում չէր, հեռախոսով տեղեկացրեց, որ դատարան է դիմելու իր իրավունքները վերականգնելու պահանջով:
Մարզպետի ընդունարանում նրան պաշտպանողներն էին:
«Մենք մեր գյուղապետին շատ ենք սիրում, դրա համար էսօր դասից փախել ենք ու եկել կանգնել ենք իր կողքին», - ասաց դպրոցահասակ մի աղջիկ:
Անչափահասներից բացի, այստեղ էին նաև գյուղի տարեցները: Անահիտ Չոբանյանին օգնեցին բացատրել, թե ինչու է այստեղ․ - «Եկել եմ մեր գյուղապետի հարցը լուծելու: Նորայր Գրիգորյանին»:
Գյուղապետի պաշտոնանկության հիմքում, ըստ գործը նախաձեռնած ավագանում անդամների, վեց ամիս անընդմեջ ավագանու նիստեր չհրավիրելն է եղել: Մարզպետարանի կայքում վերջին ամիսների արձանագրություններն են․ ավելի հաճախ կարդում ենք՝ նիստը չկայացավ ութ անդամներից ութի բացակայության պատճառով: Բացակայածներն ասում են, թե նիստերի մասին չենք իմացել, համայնքապետարանի աշխատակազմն ասում է՝ լավ էլ իմացել են:
Կրքերը չխաղաղվեցին մարզպետ Գարիկ Սարգսյանի մեկնաբանությունից հետո էլ․ նա իր աշխատասենյակի մուտքի բլոկադան մի կերպ ճեղքեց․ - «Ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի և իրավազորության պայմաններում: Օրենքի ուժով համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են, ավագանին ընդամենը արձանագրել է այդ փաստը: Այլ մեկնաբանություններ չեմ տալիս»:
Նախկին գյուղապետի համախոհները մնացին դժգոհ և «սուտասա՛ն» և վախկո՛տ» վանկարկումներով որոշեցին շարունակել պայքարը հեռացվածին վերադարձնելու համար:
Իսկ նորանշանակ պաշտոնակատարի համախոհները շատ գոհ են՝ իրենց «երազած մարզպետն է»:
Նորաշենում խաղաղություն դեռ չի հաստատվի, համայնքապետարանի դուռը հինը փակ է պահում, նորը մտնել չի կարող: