3 միլիոն եվրո՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանն ուղղված ծրագրի երկրորդ փուլին

Այսօր Երևանում կայացել է «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլի համակարգող կոմիտեի հանդիպումը: Այս ծրագիրն իրականացվում է Եվրամիության և Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ:

Դատական համակարգի բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանն ուղղված այս ծրագրի առաջին մասն անցկացվել է 2015-2018 թվականներին: 2019 թվականի սկզբում մեկնարկել է եռամյա երկրորդ փուլը: Այս փուլում Հայաստանի կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը ծրագրեր իրականացնելու համար կստանան ընդհանուր առմամբ 3 միլիոն եվրոյի չափ գումար: Այդ գումարն ուղղվելու է կոռուպցիայի դեմ պայքարին և կանխարգելմանը, դատական, արդարադատության համակարգերի բարեփոխումներին, արդարադատության մատչելիությանը՝ հատկապես խտրականությունից ու ատելության խոսքից տուժածների ու կանանց համար: Ծրագիրը նաև տարածաշրջանային է և իրականացվում է Արևելյան գործընկերության երկրներում:

«Ֆինանսական աջակցությունը կտրվի կոնկրետ ծրագրերին՝ աջակցելու դատաիրավական բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարին, մենք նաև աշխատելու ենք խտրականության դեմ պայքարի ուղղությամբ, և դյուրացնելու արդարադատության հասանելիությունը, մասնավորապես, բռնության ենթարկված կանանց համար: Ֆինանսական այդ միջոցները կտրվեն տարբեր ծրագրերի իրականացման համար՝ զարգացնելու ինստիտուցիոնալ կարողությունները և կառավարության ու քաղաքացիական հասարակության կարողությունները՝ արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում հաջողությունների հասնելու համար», - ասաց Եվրոպայի խորհրդի ծրագրերի վարչության ղեկավար Պիլար Մորալեսը:

Հարցին՝ Հայաստանը սկսել է լայնածավալ բարեփոխումներ իրականացնել արդարադատության և դատական համակարգերում, մասնավորապես, արդեն պատրաստ է դատավորների բարեվարքության վերաբերյալ օրինագիծը, սպասվում են նաև այլ փոփոխություններ, արդյո՞ք Եվրամիության և Եվրոպայի խորհրդի այս ծրագրերն առնչվում են այդ փոփոխություններին, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն պատասխանեց. «Մենք հասկանում ենք, որ իրոք դատական ու հակակոռուպցիոն բարեփոխումները լինելու են արդարադատության համակարգի համար լուրջ քննություն: Մի քանի օր առաջ մենք հնարավորություն ունեցանք Վենետիկի հանձնաժողովի փորձագետների, Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել այն դասերը, որ քաղել ենք այլ երկրներում, օրինակ՝ Ալբանիայում կամ Ուկրաինայում տեղ գտած նման գործընթացներից: Մենք կիսվեցինք դրական օրինակներով և ոչ այնքան դրական փորձով, որ Հայաստանն ավելի լավ պատկերացնի, թե որ մոդելը ավելի լավ կաշխատի այստեղ։ Մենք հույս ունենք, որ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլում հնարավորություն կունենանք քննարկել՝ ինչպես իրագործել դատական բարեփոխումների և հակակոռուպցիոն կարևոր ծրագրերը»:

«Այս բարեփոխումների իրականացումը շատ կարևոր է Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների համար, մենք տեսնում ենք նաև, որ սա գերագույն առաջնահերթություն է նաև Հայաստանի կառավարության համար, մենք համաձայն ենք, որ Հայաստանի ողջ հանրությունն ու նաև գործարար հատվածը կարիք ունի ավելի մատչելի արդարադատության, և մենք այստեղ ենք՝ Եվրոպայի խորհրդի հետ միասին՝ օգնելու, որ այս բարեփոխումները լավագույնս իրագործվեն», - նշեց Գոնզալո Սերանոն: