Երևան քաղաքի դատախազության դատախազ Հայկ Խաչատրյանի փոխանցմամբ, գործով երևան եկած նոր հանգամանքը Բրիտանացի Սթիվեն Նյութոնի ներկայացուցիչների այս տարվա սեպտեմբերի 12-ին գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումն էր:
Գործով վկա 74-ամյա քաղաքացին ավելի վաղ «Ազատությանը» ևս պատմել էր, որ տեսել է, թե ինչպես է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին այդ օրը սրճարան եկած Շառլ Ազնավուրին և Ռոբերտ Քոչարյանին մոտենալու և «պրիվետ, Ռոբ» ասելու համար:
Գործով միակ ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել անզգույշ սպանության համար:
Մինչդեռ նոր երևան եկած հանգամանքներով, վարույթը հարուցվել է խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության հանցակազմով: Բացի այդ, Նյութոնը վկայում է հանցանքի կատարմանը այլ անձանց մասնակցության մասին:
«Վիճաբանության առաջացման պատճառները, ընդհանուր իրավիճակը, որոշ հանգամանքներ քրեական գործով հաստատված են համարվել այլ կերպ, քան նկարագրում է Սթիվեն Նյութոնը: Բնականաբար այս ուղղությամբ ևս պետք է քննություն կատարվի, թե Պողոս Պողոսյանի մահվան պատճառը միայն նրա և Աղամալ Հարությունյանի միջև առաջացած վեճն է եղել, թե այլ անձինք ևս մասնակցություն ունեցել են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկ Խաչատրյանը:
Դատախազը չի բացառում, որ գործից 18 տարի անց կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն կառաջանա: Մեղադրանք առաջադրվելու հավանակնության մասին Հայկ խաչատրյանը չի խոսում:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ում ուսանողները այդ դեպքերին ականատես են եղել և որոնց հետ միասին նա պայքարել է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, ասում է, որ Ռոբերտ Քոչարյանն այս գործով հիմնական պատասխանատուներից է․ - «Երկրի նախագահի պահակախմբի անդամը հանրայնորեն ուղղակի սպանում է մարդու: Ես ընդունում եմ, որ Քոչարյանը նրան չի ասել՝ գնա և սպանիր, ենթադրում եմ, որ կարող է ասած լինել՝ դրա սանձերը քաշեք: Հնարավոր է, դա նույնիսկ այդ պահին չասվեր, որովհետև պահակախումբը հենց այդ ինստրուկցիայով պետք է շարժվեր՝ բոլորի սանձերը քաշած պահել: Իրավապահ համակարգը ձեռքերը բարձրացրած ծառայում էր կոնկրետ անձի, որը այսպես կոչված նախագահի լիազորություններ էր իրացնում: Ոչ թե դա նախագահի, այլ ըստ էության մարդասպանի լիազորություններ էին: Այսինքն աստիճանաբար Հայաստանի պետական ինստիտուտները հարմարեցվում էին մարդասպանի գործողություններին»:
Վերհիշելով այդ ժամանակվա հանրային մթնոլորտը՝ Խառատյանը կարծիք է հայտնում, որ ողջ իրավական համակարգը աշխատել է բացառապես մեկ նպատակի համար՝ կոծկելու այս գործը: Հիշում է՝ դեպքին ականատես իր ուսանողները մինչև ուշ գիշեր մնացել են «Առագաստ» սրճարանում՝ մտածելով, որ իրենց վկայությունը պետք կլինի իրավապահներին, բայց նրանց այդպես էլ ոչ ոք ոչ մի հարց չի տվել:
«Ես անձամբ մի հիսուն մարդու զանգել եմ այդ օրը նստածներից, ասել եմ, որ գիտեմ, որ էնտեղ նստած էիք, էստեղ երիտասարդներ էին․․․ պայթում էր էդ ջահելների սիրտը ուղղակի: Եվ անընդհատ լսել եմ պատասխան, թե՝ ես չեմ տեսել, մի հինգ րոպե առաջ դուրս եմ եկել»:
2001 թվականին սպանված Պողոս Պողոսյանի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Ռուբեն Սահակյանը, ով այսօր նաև Մարտի 1-ի գործի շրջանակներում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերն է ներկայացնում, «Ազատությանը» փոխանցեց, որ գործից շատ մանրամասներ հիմա չի հիշում:
Սահակյանին ավելի շատ հետաքրքում է, թե ինչու Պողոս Պողոսյանի եղբայրը չի միջնորդում գործի վերաբացման համար և ինչու են հիմա սկսել այս գործընթացը․ «Հեռանկար էլ չունի վերաբացելը: Ռոբերտ Քոչարյանին Պողոս Պողոսյանի դրվագով միայն հիմա զոմբիները կարող են մտածել, որ հնարավոր է պատասխանատվության ենթարկեն»:
Պողոս Պողոսյանի սպանության գործով ուժի մեջ մտած դատական ակտ կա, և դրա վերանայման հնարավորությունը պետք է որոշվի արդեն նոր հարուցված վարույթի քննության շրջանակներում:
Հարկ է նշել, որ առաջին ատյանի դատական ակտը ժամանակին բողոքարկվել է Պողոս Պողոսյանի եղբոր՝ Անդրանիկ Պողոսյանի կողմից, ում շահերը ներակայացրել է Ռուբեն Սահակյանը: Վերաքննիչ դատարանը բողոքը թողել է առանց քննության:
Համաձայն ուժի մեջ մտած դատական ակտի, Աղամալ Հարությունյանը սպանության համար դատապարտվել 2 տարի ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով: