Իրանի նախագահը ժամանեց Երևան

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանում է Երևան, 30-ը սեպտեմբերի, 2019թ․

Իրանի նախագահ Հասան Ռոհանին րոպեներ առաջ ժամանեց Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի նախագահին դիմավորեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նույն օրը Հասան Ռոհանիին նախագահական նստավայրում հյուրընկալեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հետաքրքիր ժամանակներ են գալիս, բայց մենք հետաքրքիր ժամանակներ միասին ապրել ենք հազարավոր տարիներ: Ու եթե մարդիկ աշխարհում փնտրում են բարեկամական, եղբայրական հարաբերությունների օրինակներ, մեր ժողովուրդների պատմությունը դրա լավ օրինակ է: Որպես հանրապետության նախագահ, ես պատրաստ եմ իմ փոքր ներդումը բերել այդ մեծ գործին», - ՀՀ նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ մասնավորապես ասել է Սարգսյանը:

Ռոհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ «Բարեբախտաբար, Հայաստանի և Իրանի միջև դարերից եկող շատ սերտ ու մտերիմ հարաբերություններ են ձևավորվել: Ես անչափ ուրախ եմ, որ Հայաստանն այսօր նախագահում է մի շատ կարևոր միջոցառում, և ես էլ այդ միջոցառման հյուրն եմ», - ասել է Իրանի նախագահը:

Նախագահների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը, որի ժամանակ Արմեն Սարգսյանը նշել է․ - «Ցանկանում եմ մեր գործընկերների ներկայությամբ մեկ անգամ ևս հավաստել, որ մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք, որի հիմնական միտքն այն է, որ Իրան-Հայաստան հարաբերությունները շատ ավելի մեծ ներուժ ունեն, քան կարողանում ենք իրացնել»:

«Վաղը Հայաստանը նախագահում է մի կարևոր միջոցառում, որին մասնակցելու են տարածաշրջանի և տարածաշրջանից դուրս երկրների ղեկավարները: Անչափ ուրախ ենք Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններով։ Եվրասիական տնտեսական միությունը կսերտացնի այդ համագործակցությունը: Մոտ մեկ ամիս անց մենք արդեն գործնականորեն կմտնենք ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններ ստեղծելու փուլ: Անշուշտ, այդ համագործակցությունը կարող է առավել ամրապնդել մեր առևտրատնտեսական հարաբերությունները», - իր հերթին, հայտարարել է Հասան Ռոհանին՝ հույս հայտնելով, որ երևանյան համաժողովը կնպաստի ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցությանը, այլև Հայաստանի հետ հարաբերություններն ավելի սերտացնելուն։

Հասան Ռոհանին վաղը ներկա կլինի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով: